ԵՄ կողմից շարունակվելու են գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները. Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը և անձամբ դեսպան Կլաարին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող ակտիվ ջանքերի համար, ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը:
Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության վերջնական կարգավորման և իրավիճակի կայունացման գործում, նպաստել տարբեր ձևաչափերով բանակցությունների ակտիվացմանը:
Նշվել է, որ Եվրոպական միության կողմից շարունակվելու է հումանիտար ոլորտում աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց և անհայտ կորածների վերադարձի ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի:
Կարծիքներ