Ֆրանսիայում 300 կիլոգրամ քաշով տղամարդուն տնից դուրս են բերել վերամբարձ կռունկով
Փրկարարները Ֆրանսիայի հարավի Պերպինիան քաղաքում մի քանի ժամ տեւող գործողության ժամանակ գործի են դրել շինարարական կռունկ՝ բնակարանից 300 կիլոգրամ քաշ ունեցող տղամարդուն դուրս բերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է France3 Occitanie տեղական հեռուստաալիքը:
Հոկտեմբերի վերջին հաղորդվել Էր, որ ավելորդ քաշ ունեցող Պերպինիան քաղաքի բնակիչն ավելի քան մեկ տարի չի կարողացել իր բնակարանից դուրս գալ, իսկ նրա փաստաբանը գանգատ Է ներկայացրել ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենուին: Ալեն անունով տղամարդը քաղաքային իշխանությունների օգնությանն Էր սպասում 2019 թվականի հուլիսից: Այն ժամանակ նա ընկել Էր եւ կոտրել իր ազդրը՝ արգելափակված մնալով իր բնակարանում: Դեկտեմբերի 1-ին իրականացված փրկարարական գործողությանը մասնակցել Է շուրջ 50 մարդ՝ ոստիկաններ, հրշեջներ, բժիշկներ եւ քաղաքապետարանի աշխատակիցներ:
Դրա անցկացումը դժվարացրել Է նեղ փողոցը, որտեղ գտնվում Էր Ալենի տունը: Նրա բնակարանի պատուհանը հարկադրված են եղել լայնացնել ճակատի մասնակի քանդման գնով: Շենքի բնակիչները ժամանակավորապես տարհանվել են: Գործողությունն սկսելուց մի քանի ժամ անց Ալենին տեղավորել են հատուկ կոնտեյների մեջ, որն ամբարձիչի օգնությամբ բարձրացվել Է պատուհանի մակարդակի: Ներքեւում կոնտեյներն անմիջապես տեղավորել են շտապ օգնության մեքենայի մեջ: Տղամարդուն տեղափոխել են Մոնպելյե քաղաքի հիվանդանոց: Սպասվում Է, որ բազմակողմանի բուժզննումից եւ անհրաժեշտ բուժումից հետո Ալենին կտեղավորեն Տուլուզի մասնագիտացված կենտրոն, որը նախատեսված Է ավելորդ քաշից տառապող մարդկանց համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ