Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր: Ընդգծելով, որ դպրոցաշինությունը ՀՀ կառավարության ռազմավարական թիրախներից է՝ նախարարի տեղակալը կարևորել է այս ուղղությամբ Ասիական զարգացման բանկի հետ երկարատև արդյունավետ համագործակցությունը:
Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ ԱԶԲ-ն նախարարության կարևոր գործընկերներից է, որի հետ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր՝ Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակում:
«Ակնկալում ենք, որ մեր դպրոցները կունենան այնպիսի միջավայր ու ենթակառուցվածքներ, որոնք ոչ միայն կապահովեն բարենպաստ և ժամանակակից պայմաններ՝ արդյունավետ ուսումնական գործընթաց կազմակերպելու տեսանկյունից, այլև կապահովեն անվտանգային բարձր չափանիշներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ ՀՀ կառավարության՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ենթակառուցվածքներին առնչվող հարցերը մանրամասնորեն քննարկվում են:
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրով» սահմանված պահանջներն ու չափանիշներն ուղենշային են համարվում նաև այլ ծրագրերով կառուցվող հաստատությունների համար՝ հաշվի առնելով ԱԶԲ ծրագրի բարձր որակական պահանջները:
ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը» Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ-ում իրականացվող կարևորագույն նախագծերից է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Կարծիքներ