Մահացել է հայտնի աստղագետ, պրոֆեսոր Մամիկոն Մնացականյանը
Ապրիլի 12-ին կյանքի 79-րդ տարում վախճանվել է հայտնի աստղագետ, պրոֆեսոր Մամիկոն Մնացականյանը։
Մամիկոն Ասատուրի Մնացականյանը ծնվել է 1942 թ. ապրիլի 17-ին՝ Երևանում: 1965-ին ավարտելով ԵՊՀ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնը՝ աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ), որտեղ աշխատել է մինչև 1991 թ.:
1969-ին ակադ. Գ. Ս. Սահակյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ` «Ընդհանրացված հարաբերականության ընդհանրուր տեսություն» թեմայով, իսկ 1984-ին պաշտպանելով «Ճառագայթման տեղափոխման տեսության նոր ապարատ» թեմայով թեզը՝ արժանացել է ֆիզմաթ. գիտությունների դոկտորի գիտ. աստիճանի:
1977-1991 թթ․ դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, 1989-ից` որպես պրոֆեսոր: 1972-1985 թթ․ եղել է ԲԱ գիտական քարտուղարը, իսկ 1985-1991 թթ․՝ ԲԱ կից մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը: 1988-1991 թթ․ եղել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման կենտրոնի տնօրենը: Այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ և 1997-ից եղել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) «Մաթեմատիկա» ծրագրի աշխատակից:
Մ․ Մնացականյանի գիտական աշխատանքները նվիրված են տեսական ֆիզիկային, աստղաֆիզիկային և մաթեմատիկային, մասնավորապես` փոփոխական գրավիտացիոն հաստատունով ընդհանրացված հարաբերականության ընդհանուր տեսությանը, աստղային վիճակագրությանը և դինամիկային (բաբախիչներ, բռնկվող աստղեր, աստղասփյուռներ և աստղային ագրեգատներ), ճառագայթման տեղափոխման տեսության մեջ նոր եղանակների մշակմանը և կիրառմանը։
Նա զարգացրել է տիեզերական մարմինների էվոլյուցիային առնչվող Համբարձումյանի կողմից առաջարկված մի շարք հեղափոխական գաղափարների տեսական հիմքերը: Մշակել է նոր վիճակագրական եղանակներ և կիրառել Համբարձումյանի կողմից կանխատեսված աստղասփյուռների և աստղային ագրեգատների ընդարձակումը հաստատելու համար: Ձևափոխել և ընդարձակել է Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքը և դրանով կապ է ստեղծել ճառագայթման տեղափոխման տեսության և տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի մի շարք բաժինների միջև:
Գործունեության ընթացքում հրապարակել է ավելի քան 100 գիտական աշխատանք: 1975-1991թթ․ եղել է Արևելյան Եվրոպայի երկրների «Աստղերի ֆիզիկա և էվոլյուցիա» հանձնաժողովի անդամ, իսկ 1978թ-ից՝ Միջազգային աստղագիտական միության անդամ:
Կարծիքներ