Our game կանանց ֆուտբոլի ընկերական մրցաշարն ավարտվեց Լիտվայի հաղթանակով. Հայաստանի հավաքականը դարձավ փոխչեմպիոն
Հայաստանի և Լիտվայի հավաքականները չպարզեցին հաղթողին, իսկ Հորդանանն առավելության հասավ Լիբանանի նկատմամբ: Հայաստանում ավարտվեց Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը:
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի և Լիտվայի հավաքականների միջև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Օլգա Օսիպյանը և Նենսի Ավեսյանը:
Հանդիպման ավարտից հետո կայացավ առաջնության մրցանակաբաշխությունը: Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մելդա Շեշկուտեն (Լիտվա), խփած 4 գոլով լավագույն ռմբարկու դարձավ Ռիմանտե Յոնուսայտեն (Լիտվա), իսկ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Օլգա Օսիպյանը (Հայաստան):
Վաստակելով 7 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ Լիտվայի ընտրանին: Չկրելով ոչ մի պարտություն և վաստակելով 5 միավոր` Հայաստանի ազգային հավաքականը դարձավ մրցաշարի փոխչեմպիոն: 4 միավորով մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Հորդանանի հավաքականը:
Կարծիքներ