Եթե ուզեինք կառույցներից որևէ մեկը փակել, հիմնավորումներ էլ կային, լծակներ էլ. Խզմալյանը՝ 6 ՊՈԱԿ-ների օպտիմալացման մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկում է ստեղծել «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ:
ՀՀ կառավարություն ներկայացված սույն նախագծով ԿԳՄՍՆ-ն առաջարկում է այժմ գործող 6 խմբերի միաձուլման ձեւով նորաստեղծ ՊՈԱԿ-ում ներառել «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի» «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները:
Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում կընդգրկվեն նաեւ ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող եւս երեք ստեղծագործական խմբեր, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի համակարգմամբ՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբ»-ը, «Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական համույթ»-ը եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը:
ԿԳՄՍ նախագիծը քննարկումների առիթ է դարձել: Մտահոգություն կա, թե այժմ գործող կառույցների օպտիմալացումը կարող է խոչընդոտել հայկական ժողովրդական արվեստի զարգացմանը:
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով տվյալ մտահոգություններին, նշում է՝ ցավոք սրտի, մեր իրականության մեջ յուրաքանչյուր փոփոխություն ընդունվում է վտանգով, ընկալվում որպես ահազանգ: Շատ հաճախ դեմոնիզացվում են որոշումներն ու վերագրվում բաներ, որոնք չկան:
«Իրականում, եթե մենք ցանկանայինք այս կառույցներից որեւէ մեկը փակել, դրա համար հիմնավորումներ էլ կան, լծակներ էլ: Այնպես չէ, որ մենք գոհ ենք մեր ենթակայությամբ գործող բոլոր ՊՈԱԿ-ների արդյունքային ցուցանիշներից, դրանց հանրային ճանաչելիությունից, տված համերգների քանակից, երգացանկի, պարի որակից եւ այլն, եւ այլն: Այսինքն, եթե հարցը սրելու լինեինք, բոլոր հիմքերը կային: Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառույց ստեղծվում է տասնամյակների ջանքի ու նվիրումի շնորհիվ»,- ասում է փոխնախարարը:
Նրա համոզմամբ՝ քանի դեռ այս կառույցները գործում են առանձին-առանձին, չունեն մեկ միասնական վերահսկող, որակի պատասխանատու, չեն կարողանա մարտահրավերներին դիմակայել. «Ցավոք սրտի, շատ հաճախ պետական միջոցներով մենք ուղղակի վարկաբեկում ենք ժողովրդական արվեստը»:
Խզմալյանի փոխանցմամբ՝ շատ հաճախ ոլորտի պատասխանատուների հետ քննարկումներ են ունեցել, բարձրաձայնվել են մտահոգիչ բոլոր հարցերը: «Այդ քննարկումներն արվել են նրա համար, որ չփակենք որեւէ ՊՈԱԿ: Ես չեմ համարում, որ պետական պաշտոնյան պետք է լինի որեւէ ՊՈԱԿ-ի հավերժության երաշխավորը: Մենք այստեղ անմահության խնդիր չենք լուծում: Կյանքում ամեն ինչ փոփոխվում է, հնանում են ինչ-ինչ արժեքներ, մշակութային իրողություններ են պատմության գիրկն անցնում, եւ այստեղ նստած մարդու նպատակը պիտի լինի շատ արագ որսալ այդ փոփոխությունները»,- շեշտում է նա:
Արա Խզմալյանը նաեւ նկատում է՝ այսօր ամենամեծ խնդիրը ժողովրդական երգի ու պարի կոլեկտիվների սեփական տանիք չունենալն է. գրեթե բոլորը պատսպարվել են այս կամ այն պետական կառույցի մեջ:
«Բարեկամություն» պետական համույթը «Արամ Խաչատրյան համերգասրահ»-ի նկուղային հարկում է, Հայաստանի պարի պետական անսամբլը գործում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի պարարվեստի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը՝ Հայաստանի երգչախմբային ընկերությունում: Կոլեկտիվները զգեստների խնդիր ունեն, տեղեկատվական դաշտում ներկայանալու, տոմսային տնտեսություն իրականացնելու, կադրային ռեսուրսի պակաս ունեն լուրջ»,- ասում է նա:
Խզմալյանի համոզմամբ՝ մեկ անձը չի կարող ծառացած այդ բոլոր խնդիրները լուծել, ուստի որոշվել է միավորել ռեսուրսները:
Փոխնախարարը նաեւ ուրախությամբ փաստում է՝ 6 կոլեկտիվներն էլ առաջարկվող փոփոխությունները ընկալում են ադեկվատ ձեւով: «Կարծում եմ՝ շատերն են համոզվել, որ այս վերջին երեք տարիների ընթացքում ոլորտում կա ե՛ւ համերաշխություն ու փոխադարձ հարգանք, ե՛ւ մասնագիտական չափանիշ: Այն, ինչ պետք է արվի, նախ, ոլորտին ասվում է դրա մասին: Ոչինչ թաքուն չի արվում, գաղտնի փաստաթղթեր չեն շրջանառվում, եւ տնօրենները դա շատ լավ գիտեն»,- վստահեցնում է փոխնախարարը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա եւ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ղեկավար Արտյոմ Նաղդյանն էլ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով սպասվելիք փոփոխություններին, ասում է՝ այս ամենի մասին խոսելիս, նախ, պետք է սկսենք 2019 թվականից, երբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա եւ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի կազմ եկան վերոնշյալ երեք նվագախմբերը: «Զբաղվել ենք մենք այդ խմբերով, աշխատանքներ են տարվել, մշտապես համերգներով ենք հանդես եկել, վստահ եմ՝ որակական փոփոխությունները շատերդ եք տեսել»,- նշում է նա:
Նաղդյանի կարծիքով՝ նախարարության գաղափարը ողջունելի է, քանի որ մեկ ՊՈԱԿ-ի անվան տակ միավորված առանձին կոլեկտիվները կունենան միասնական մենեջմենթ եւ ղեկավարման համակարգ: «Վստահ եմ՝ գեղարվեստական մասով շատ ավելի հեշտ կգան ծրագրերի կազմավորմանը: Հստակ ուղեցույց կունենա, թե որ ուղղությամբ պետք է զարգանան: Ֆիլարմոնիան էլ, լինելով ավելի շատ կազմակերպչական աշխատանքներով զբաղվող մի հաստատություն, նրանց կտրամադրի համերգասրահ՝ անհրաժեշտության դեպքում զբաղվելով նաեւ կազմակերպչական հարցերով»,- շեշտում է նա:
Արտյոմ Նաղդյանի դիտարկմամբ՝ եթե նոր կազմավորվող ՊՈԱԿ-ն էլ աշխատի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի օրինակով, ապա, միանշանակ, դրական փոփոխություններ կլինեն:
Նաղդյանի համոզմամբ՝ ազգային երաժշտությունն ու պարն այսօր շատ մեծ ուշադրության կարիք ունեն, եւ, բարեբախտաբար, մի սերունդ է մեծանում, որը լսում ու գնահատում է ազգայինը:
«Վերջերս «Ակունք» ազգագրական համույթի հետ Տավուշի սահմանամերձ շրջաններով շրջագայություն ունեցանք, եւ ես ապշած էի մնացել, թե ինչպես են սահմանամերձ գոտիների, մանավանդ Տավուշի 5-10 տարեկան երեխաները տիրապետում ազգային պարերին: Նրանց պարերը լոկ մեխանիկական շարժումներ չէին, որ այդ երեխաները սովորել ու անում էին. դու զգում էիր, որ արյունն է աշխատում: Շոու բիզնեսում արտիստներ են հայտնվում, որոնք այսօր կան, վաղը չկան, իսկ ազգագրական խմբերի կարիքը շատ ունենք: Չգիտես ինչու՝ շատերին թվում է՝ պարտադիր ալեհեր մազերով մարդ պետք է ասի, որ այս խմբերի կարիքը կա, բայց ես ինձ թույլ կտամ ասել, որ այս խմբերի կարիքը շատ-շատ կա: Նրանց մատուցածը շատ լավ է վերցնում եւ յուրացվում նոր սերունդը»,- նկատում է նա:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ղեկավարը հույս է հայտնում՝ ԿԳՄՍՆ-ի գաղափարը կիրագործվի եւ լիովին կծառայի իր նպատակին:
Կարծիքներ