Ինչպես է Գյումրին պատրաստվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի այցին․ տեսանյութ
Գյումրին պատրաստվում է մայիսի 5-ին հյուրընկալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ ՀՀ պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին:
Քաղաքի պատմական միջուկը՝ կենտրոնական հատվածները՝ ի պատիվ բարձրաստիճան հյուրերի այցի, զարդարվել են Հայաստանի և Ֆրանսիայի դրոշներով, գործարկվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակային հատվածում գործող երգող շատրվանը, կարգի են բերվել Վարդանանց հրապարակ տանող փողոցները։
Գյումրիում այս նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ Վարդանանց հրապարակի հարևանությամբ գտնվող Շահումյան փողոցի շենքերի պատշգամբները զարդարվեցին արհեստական ծաղկեփնջերով։
Մինչ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը կարծում էին, թե պարբերաբար ինքնափլուզվող պատշգամբները զարդարելու և քարուքանդ եղած վիճակն ի ցույց դնելու մտահղացում Մակրոնի այցի շրջանակներում է ծագել, Գյումրու ավագանու «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավարը սոցցանցի իր էջում հայտարարեց․ «Գեղեցկությունը մեզ պարգևել է հարգարժան, մեր բոլորիս կողմից ընտրված քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը։ Նա ասում էր՝ Էնպես կզարդարեք, գարունը սիրուն դիմավորեն գյումրեցիներս»,- մասնավորապես ասված է գրառման մեջ։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել նախապատրաստական աշխատանքներից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 5-ին Գյումրու Վարդանանց հրապարակում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը նվիրված աննախադեպ համերգ՝ «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով։


Կարծիքներ