Քրեակատարողական ծառայության պարզաբանումը՝ Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել այսօր դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ:
Նախարարության ֆեյսբուքյան էջում ասված է.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահված կալանավորված անձ Արմեն Գրիգորյանը հիմնարկ է ընդունվել 2022 թվականի մայիսի 18-ին:
Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում կալանավորված անձ Արմեն Գրիգորյանի, նրա պաշտպանի կամ այլ անձի կողմից նրա առողջական հավանական խնդիրների մասին քրեակատարողական հիմնարկի ծառայողներին, այդ թվում՝ վարչակազմին բանավոր տեղեկություններ, դիմումներ, միջնորդություններ չեն ներկայացվել:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից Արմեն Գրիգորյանի հետ միևնույն խցում գտնված անձանց հետ անցկացված բանավոր հարցման արդյունքում պարզվել է նաև, որ Արմեն Գրիգորյանը առողջական վիճակի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում գանգատներ չի ներկայացրել նաև խցակիցների շրջանում:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ հիմնարկ մուտք գործելուց հետո հերթապահ բուժքրոջ առաջնային զննության ժամանակ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել, զարկերակային ճնշումը՝ -170/110, HCV/-/.. HIV/-/...COVID-19/-/ :
2022 թվականի մայիսի 19-ին Արմեն Գրիգորյանը մասնաշենքի բժշկի կողմից ևս ենթարկվել է բժշկական զննության, որի արդյունքում արձանագրվել են գանգատներ գլխացավից, գլխապտույտից, երբեմն գերճնշումից:
Զարկերակային ճնշում՝ 160/100: Նախնական ախտորոշվել է՝ Զարկերակային հիպերտենզիա I-IIօ: Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա /վեգետոնևրոզ/ ըստ անամնեզի:
Անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Արմեն Գրիգորյանը գտնվել է նույն ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ, ստացել է հակահիպերտենզիվ բուժում և բուժման ֆոնի վրա հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում:
Նույն ստորաբաժանման փաստաթղթաշրջանառության համաձայն՝ Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ տվյալ ստորաբաժանմանը որևէ գրություն չի հասցեագրվել:
Միաժամանակ, հարկ է նշել, որ Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկությունների լիարժեքությունը ստուգելու նպատակով իրականացվում են լրացուցիչ ուսումնասիրություններ»:
Հիշեցնենք, որ այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատական նիստի ժամանակ վերջինիս ինքնազգացողությունը վատացել էր: Մինչ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադը հասել էր նիստերի դահլիճ՝ արձանագրվել էր Գրիգորյանի մահը:
Արմեն Գրիգորյանը մայիսի 18-ին 2 ամսով կալանավորվել էր:
Կալանքի նախորդ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն և տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ Գրիգորյանը ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մասին հանցանք կատարելու համար է ձերբակալվել, միաժամանակ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Կարծիքներ