2024-ին արձանագրվել է մանկական քաղցկեղի 112 առաջնակի դեպք

2024-ին արձանագրվել է մանկական քաղցկեղի 112 առաջնակի դեպք

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Փետրվարի 15-ին աշխարհում նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day), նպատակը` հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելու խնդրին, քաղցկեղ ունեցող երեխաներին ու դեռահասներին։

ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2024 թվականին արձանագրվել է մանկական քաղցկեղի 112 առաջնակի դեպք`

կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքներ,

սուր լեյկոզներ (լեյկեմիաներ), լիմֆոմաներ,

նեյրոբլաստոմա,

ոսկրամկանային համակարգի ուռուցքներ (սարկոմաներ) և այլն։

Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2017 թվականից իրականացվում է ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում, իսկ 2021 թվականին առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։ 2024 թվականին պետական պատվերի շրջանակներում իրականացվել է 9 երեխայի ալոգեն փոխպատվաստում:

Քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ընթացքում մշտապես արյան բաղադրամասերի փոխներարկման կարիք է առաջանում։

Քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման ընթացքում նվազում է երեխաների արյան բջիջների քանակը, ինչը կարող է անհամատեղելի լինել կյանքի հետ:

Ուստի, նվիրաբերված արյունը և դրանից ստացված բաղադրամասերն ու պատրաստուկներն անփոխարինելի են քաղցկեղ ունեցող երեխաների բուժման գործընթացում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում