«Քատարա» հիմնադրամը հանդիսավոր կերպով բացել է հայկական մշակութային անկյունը
![«Քատարա» հիմնադրամը հանդիսավոր կերպով բացել է հայկական մշակութային անկյունը](https://freenews.am/uploads/images/image_750x_67a84d22556f8.jpg)
«Քատարա» մշակութային հիմնադրամը փետրվարի 8-ին հանդիսավոր կերպով բացել է հայկական մշակութային անկյունը` այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։
Այս մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից:
«Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հայկական պատվիրակության այլ անդամներ, Կատարում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև պաշտոնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։
Հայկական անկյան «Ազատագրում գամերից» անվանումը կրող քանդակի հեղինակը հայ քանդակագործ, գեղանկարիչ Վանանդ Շիրազն է: Այն արդիական ոճով կատարված սինթետիկ ստեղծագործություն է, որն ունի համամարդկային խորհուրդ այն է` ազատության և բռնության, լույսի և խավարի, բարու և չարի հավերժական պայքարը: Հեղինակն այդ հակասությունները արտահայտելու համար ընտրել է սպիտակ և սև տուֆերը` համադրված երկաթյա գամերով:
«Քատարա» Մշակութային Հիմնադրամի գլխավոր տնօրեն պրոֆեսոր Խալիդ Ալ-Սուլաիթին նշեց, որ հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ ամրապնդելով մշակութային կապերը։ Նա ընդգծեց, որ տարբեր դեսպանությունների հետ համագործակցությամբ բացվող մշակութային անկյունները կարևոր հարթակ են՝ ժողովուրդների մշակութային կամուրջներ կառուցելու համար։
Այս նախաձեռնությունը նշանավոր ուղենիշ է հայ-կատարական մշակութային համագործակցության մեջ և կարևոր ձեռքբերում է երկու երկրների միջև մշակութային երկխոսության խորացման համար։ Այսուհետ «Քատարա» մշակութային գյուղակ այցելողներն այլ երկների շարքում` ինչպիսիք են Վրաստան, Էկվադոր, Ֆիլիպիններ, Մեքսիկա, կտեսնեն նաև հայկական անկյան ինքնատիպ տեսքով և ուղերձով քանդակը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ