ՏՄՊՊՀ-ն հյուրընկալել է Ագրարային համալսարանի և Պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրավերով ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ազգային ագրարային համալսարանի ուսանողներն այսօր մասնակցել են հանձնաժողովի հերթական նիստին: Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:
Նիստից հետո Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը զրուցել է ուսանողների հետ, ընդհանուր գծերով ներկայացրել հանձնաժողովի գործառույթներն ու իրականացվող աշխատանքները, լսել նրանց կարծիքները տնտեսական մրցակցության պաշտպանության արդի խնդիրների շուրջ, պատասխանել հարցերին:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ նմանատիպ շփումները հանրապետության տարբեր կրթական հաստատությունների ուսանողների հետ շարունակական են լինելու: «Մեր նպատակն է ակտիվացնել մեր հասարակության միտքը ձևավորող շերտի՝ ուսանողության և պետական մարմինների միջև համագործակցությունը, քանի որ դուք մեր վաղվա մասնագետներն ու ղեկավարներն եք, և դուք եք որոշելու մեր երկրի ճակատագիրը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
Հարց ու պատասխանի ընթացքում պաշտոնյաներն ու ուսանողները զրույցներ են ունեցել նաև աշխատաշուկայի խնդիրների, պետական համակարգն ապագա մասնագետների համար գրավիչ դարձնելու և այլ հարցերի շուրջ:
Կարծիքներ