«Սիրայի դեմոկրատական ուժերի» քուրդ հրամանատարը հերքում է PKK-ի հետ իրենց կապի մասին Անկարայի մեղադրանքները

«Սիրայի դեմոկրատական ուժերի» քուրդ հրամանատարը հերքում է PKK-ի հետ իրենց կապի մասին Անկարայի մեղադրանքները

Հիմնականում քրդերից կազմված «Սիրայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ-SDF) հակակառավարական զինված ուժերի հրամանատար Մազլում Քոբանին հայտարարել է, որ իրենք որպես կողմ հանդես չեն գալիս Թուրքիայի ու «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հակամարտության մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Քուրդ հրամանատարը պնդել է, որ իրենք բազմիցս են հայտարարել այդ մասին՝ ավելացնելով, որ պատրաստ են ամեն տեսակ բանակցությունների թուրքական իշխանությունների հետ:

Ըստ նրա՝ Անկարան նպատակաուղղված ժխտում է Սիրիայում քրդական ներկայությունը և պատերազմում նրանց դեմ: Նա համոզմունք է հայտնել, սակայն, որ արտաքին ու ներքին ճնշումների արդյունքում Թուրքիայի իշխանությունների դիրքերի թուլացմանը զուգահեռ կփոխվի նաև Անկարայի մոտեցումն այս հարցում:

Քուրդ հրամանատարը խոսել է նաև Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության մասին՝ այն համարելով անհրաժեշտ այնքան ժամանակ, մինչև քաղաքական լուծում կգտնվի:

Նշենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ներառում են Սիրիայի հյուսիսի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր» խմբավորումը և արաբական տարբեր ընդդիմադիր խմբեր: ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված այս խմբավորումը 2016-ի գարնան տվյալներով ուներ շուրջ 25 հազար  քուրդ և 5 հազար արաբ աշխարհազորային: Թուրքիայի իշխանությունները Սիրիայի բոլոր զինված քրդական կազմակերպություններին համարում են ահաբեկչական՝ դրանց նույնացնելով ՔԲԿ-ի հետ կամ մեղադրելով վերջինիս հետ կապեր ունենալու մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում