Մակունցն ակնկալում է, որ ՀՀ դաշնակիցները դեռևս կարձագանքեն Ադրբեջանի գործողություններին
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից արձագանք կստանա՝ ՀՀ տարածք ադրբեջանցիների ներխուժման հարցով: Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ հերթական նիստում՝ անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների շեշտադրումներին:
Մակունցը նախ հիշեցրեց, որ ՀՀ-ն, ՀՀ իշխանությունները, ելնելով Հայաստանի անվտանգային շահերից, դիմել են ՀԱՊԿ և Ռուսաստանի Դաշնություն՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ներթափանցման կապակցությամբ աջակցություն ստանալու ակնկալիքով: «Եվ ես կարծում եմ, որ մենք կունենանք արձագանք՝ մեր դաշնակիցներից»,-ասաց Մակունցը:
Նա հիշեցրեց նաև, որ ԱԳ նախարարը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ,և իրենք բոլոր հնարավոր հարթակներով այդ մասին խոսում են: Մակունցը կոչ արեց գործընկերներին հանրության որոշ շրջանակներում առկա տրամադրությունները չբերել խորհրդարան և փորձել հավասարակշռված դիրքերից խոսել և ներկայացնել ՀՀ շահերը: «Ես կարծում եմ, որ մենք դեռևս արձագանք կստանանք»,-եզրափակեց Մակունցը:
Ավելի վաղ, ԱԺ նիստում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհել էր ՀԱՊԿ արձագանքից: Անդրադառնալով Ռուսաստանին դիմելուն ՝ նա ասել էր, որ ՀՀ-ն Ռուսաստանին չի դիմել դեմարկացիայի և դելիմիտացիայի համար, սակայն Ռուսաստանը ըստ էության դա է առաջարկել:
ԲՀԿ-ից Արման Աբովյանն էլ, անդրադառնալով մտքերին, թե Ռուսաստանը իբր չի պաշտպանել, մեղմ քայլեր է կատարել, որոնք չեն համապատասխանում պարտավորություններին, ասել էր՝ դա այդպես չէ: Նա մասնավորապես նշել էր, որ ՌԴ-ն, լինելով ՀՀ ստրատեգիկ գործընկեր, շարժվում է առաջին հերթին ՀՀ իշխանության որոշումների ներքո: Նա անդրադարձել էր նաև ՀԱՊԿ-ին:
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ն երկրորդ հոդվածով՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:
Կարծիքներ