«Trade-in» գործիքը կիրառող ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը կլիցենզավորվի
ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում Trade-in գործիքի ներդրման համար ստեղծել ավելի բարենպաստ հարկային միջավայր:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսերի փոխնախարար Արման Պողոսյանը:
«Փաթեթի կարգավորման առարկան ավտոմեքենաների առքուվաճառքի ոլորտում միջազգայնորեն հայտնի Trade-in գործիքի կիրառության համար նպաստավոր հարկային միջավայրի ստեղծումն է: Գործիքի կիրառությունը ենթադրում է, որ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները գնորդների հետ պայմանավորվում են ավտոմեքենաների ձեռքբերման և հետագայում այլ գնորդների վաճառքի շուրջ: Սակայն գործող օրենսդրությունը և հարկային միջավայրը, որ ստեղծվել է այս տնտեսավարողների շուրջ, օբյեկտիվորեն չի նպաստում այս գործիքի ներդրմանը և հետագա զարգացմանը»,-ասաց Պողոսյանը:
Գործող օրենսդրությամբ այդ միջնորդ կազմակերպությունները ֆիզիկական անձանցից օգտագործված ավտոմեքենա ձեռք բերելիս պարտավոր են վճարվող եկամուտներից հաշվարկել և պետբյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ: Օգտագործված ավտոմեքենան հետագայում այլ անձի վաճառելիս միջնորդ կազմակերպությունը ստիպված է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ գնից հաշվարկել և վճարել ԱԱՀ՝ առանց հաշվանցման իրավունքի, որովհետև ժամանակին այդ տրանսորտային միջոցը ձեռք է բերվել ֆիզիկական անձից, որը չի համարվում ԱԱՀ վճարող, և ըստ այդմ նաև միջնորդ կազմակերպությանը ավելացված արժեքի հարկի գծով հաշվանցման իրավունք չի կարող ընձեռել:
«Այս խնդիրները լուծելու համար առաջարկվում է, որ միջնորդ կազմակերպությունը ազատվի որպես հարկային գործակալ 10 տոկոսի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, իսկ տրանսպորտային միջոցի հետագա վաճառքի պարագայում ավելացված արժեքի հարկը հաշվարկի՝ որպես բազա վերցնելով ոչ թե վաճառքի գինն առանց անուղղակի հարկերի, այլ՝ վաճառքի գնի և ֆիզիկական անձից ձեռքբերման գնի դրական տարբերությունը»,- ասաց փոխնախարարը:
Առաջարկվում է, որ գործունեությունը լինի լիցենզավորման ենթակա, ըստ այդմ առաջարկվում է պետական տուրքի սահմանում: Ընդ որում, լիցենզավորման պարտավորություն կկրեն ոչ թե առհասարակ բոլոր ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները, այլ միայն Trade-in գործիքի կիրառությամբ զբաղվողները:
Կարծիքներ