ԱՄՆ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել բացել Լաչինի միջանցքը․ Ջոն Քիրբի
ԱՄՆ-ն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ և շարունակում է միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կոչ անել Բաքվին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
«Մենք, անշուշտ, խորապես մտահոգված ենք մնում առևտրային, մարդասիրական և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լեռնային Ղարաբաղում միջանցքի շարունակական արգելափակմամբ։ Մենք ցանկանում ենք, որ այդ միջանցքը նորից բացվի։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել շուտափույթ վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը միջանցքով», - ասել է Ջոն Քիրբին։
Պաշտոնյան նշել է, որ Սպիտակ տունը շարունակում է ջանքերը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության հասնել դիվանագիտական ճանապարհով։
«Մենք որոշակի աստիճանի վրա պահպանում ենք երկխոսությունը և դիվանագիտությունը տարբեր մակարդակներով։ Նկատի ունեմ, որ մենք կանոնավոր աշխատում ենք՝ հասնելու լավագույն արդյունքին դիվանագիտական ճանապարհով», - ասել է Քիրբին։
Կարծիքներ