Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿԱԳ պաշտոնատար անձի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Պ.-ն, 2022 թվականի սեպտեմբերի 16-ից զբաղեցնելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) սպասարկման կենտրոնի մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի օգտին իր ծառայողական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու համար վերջինից պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ արտերկիր մեկնելու համար խոչընդոտ հանդիսացող խնդիրները լուծելու նպատակով Խ. Վ.-ն մտադրվել է իրականացնել իր անվան և ազգանվան փոփոխություն: Այդ նպատակով 2022 թվականի հոկտեմբերի կեսին այցելել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոն և դիմել տեղի աշխատակից Լ. Պ.-ին, ով, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Խ. Վ.-ի օգտին գործողություններ կատարելու, այն է` նրա անվան (անուն, ազգանուն) փոխման պետական գրանցման գործընթացը հնարավոր սեղմ ժամկետում կազմակերպելու համար, վերջինից պահանջել է 100.000 ՀՀ դրամ կաշառք:
Քրեական վարույթով գաղտնի քննչական գործողության շրջանակում՝ հետաքննության մարմնի վերահսկողության ներքո, Լ. Պ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի վարչական շենքում Խ. Վ.-ից անձամբ ստացել է կաշառքի գումարը, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից և ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:
Կաշառք ստանալու համար Լ. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ