Դանիել Դանիելյանը ներկա է եղել «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովի բացմանը

Դանիել Դանիելյանը ներկա է եղել «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովի բացմանը

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկել է «Վիլյամ Սարոյանը և արվեստը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը (Սան Ֆրանցիսկո):

Սարոյանագիտության մեջ աննախադեպ այս գիտաժողովի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Դանիել Դանիելյանը ներկաներին մաղթել է հետաքրքիր, բովանդակալից և արդյունավետ աշխատանք:

Նախարարի տեղակալն անդրադարձել է ականավոր գրող Վիլյամ Սարոյանի ժառանգությանը և նշել, որ Սարոյանը տաղանդավոր էր իր բոլոր դրսևորումներում՝ նկարչական, երաժշտական, թատերական, ինչն ամբողջովին դեռևս չբացահայտված, սակայն անգնահատելի ժառանգություն է սերունդներին:

«Անչափ կարևորում եմ գիտաժողովի անցկացումը, որի շրջանակում սարոյանական արվեստի տարբեր դրսևորումներ կդրվեն գիտական հենքի վրա: Տարբեր քննարկումների, մտքերի փոխանակման արդյունքում ևս մեկ անգամ հնարավորություն կունենանք հանրահռչակելու, երիտասարդներին ներկայացնելու սարոյանական անգնահատելի արվեստն ու գրականությունը»,- նշել է նախարարի տեղակալը և բարի երթ մաղթել գիտաժողովի մասնակիցներին:

Նշենք, որ գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Սերբիայի միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի խոսքով՝ «Վիլյամ Սարոյանը և արվեստը» գիտաժողովը կբացահայտի երգեր գրող, նկարող և այլ շնորհներ ունեցող Սարոյանին. «Երևի առաջին հայացքից տարակուսանք ու զարմանք կառաջացնի գիտաժողովի խորագիրը՝ «Վիլյամ Սարոյանը և արվեստը»: Չէ՞ որ Վիլյամ Սարոյանը, ինչպես գիտենք բոլորս, ականավոր գրող է: Ու թեև ստեղծագործել է անգլերեն ու նկարագրել ամերիկյան կյանքը, սակայն ոգին, որը նրան մղել է ստեղծագործելու, եղել է իր հայ ինքնությունը: Հետևաբար, ի՞նչ կապ ունի Վիլյամ Սարոյանն արվեստի հետ, իսկ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն էլ՝ Վիլյամ Սարոյանի հետ, կհարցնեն շատերը ու ճիշտ կանեն»,- ասել է Աննա Ասատրյանը՝ ընդգծելով, որ այս հարցի պատասխանը կտա գիտաժողովը, որը դառնալու է նաև հայտնությունների հարթակ:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի նշմամբ՝ Սարոյանի ստեղծագործությունները խթանել են հայ արվեստի զարգացումը. «Ի թիվս այլնի՝ գիտաժողովի ժամանակ սպասվում են բացահայտումներ Սարոյանի սարյանական և սիրավյանական կերպարների մասին: Սարոյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի և սփյուռքի թատրոններում և մեծ դեր կատարել հայ ռեժիսորների և դերասանների ստեղծագործական ճակատագրում: Այդ մասին ևս կլինեն զեկուցումներ»:

Տեղեկացնենք նաև, որ երկօրյա գիտաժողովի ընթացքում նախատեսված է 35 զեկուցում: «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովի արդյունքները կդառնան կարևոր հանգրվան ինչպես արվեստագիտության, այնպես էլ սարոյանագիտության ասպարեզում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում