ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Զեյնա Մինային և կարևորել Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտին առնչվող հարցերը քննարկելու հնարավորությունը:
«Ֆրանսերենը և ֆրանկոֆոն արժեքները մեկ անբաժանելի ամբողջություն են: Մեզ համար կարևոր է նաև ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցության փորձը, որ կուտակել ենք Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության տարիներին: Ամեն տարի Հայաստանում մեծ հանդիսավորությամբ է նշվում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, անցկացվում են տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու լեզվի զարգացմանը: Սա մեր կյանքի մի մասն է կազմում: Անգամ եթե մեզանից բոլորը չէ, որ խոսում են ֆրանսերեն, ֆրանկոֆոն ընտանիքին պատկանելու զգացումը և այդ ընտանիքի արժեքները կրելը հոգեհարազատ են մեր հասարակությանը: Այս համատեքստում Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերը Հայաստանում հյուրընկալելու ցանկությունը տրամաբանական հաջորդ քայլն է մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար և ընդգծել՝ այն, ինչ այս օրերին տեսել է մեր երկրում, բավականին տպավորիչ է:
«Հասցրել եմ լինել մի շարք մարզական և մշակութային հաստատություններում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում: Իսկապես, բավականին զարգացած ենթակառուցվածքներ ունեք, և արդեն իսկ կարող եմ ասել՝ գրեթե ամբողջովին պատրաստ եք խաղերը հյուրընկալելուն: Արդեն իսկ բավականին լուրջ և տպավորիչ հայտ եք ներկայացրել: Լինելով Հայաստանում ու տեսնելով ՀՀ կառավարության վերաբերմունքը՝ ավելի քան վստահ ենք, որ ի զորու եք հոբելյանական 10-րդ խաղերն անցկացնել ամենաբարձր մակարդակով»,- նշել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան:
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենն ընդգծել է՝ 2027 թվականի խաղերն ընդունելու պատրաստակամությունը մշակույթի և սպորտի ռազմավարական զարգացման՝ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հայտին և Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակության անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրերի և դրանց պայմանների վերաբերյալ:
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան կարևորել է նաև Հայաստանում ֆրանսերեն լեզվի հանդեպ հետաքրքրությունը: Նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը թույլ կտա էականորեն ավելացնելու ֆրանսախոս անձանց թիվը մեր հասարակությունում:
Նշենք՝ դեկտեմբերի 14-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսին պաշտոնապես կնեկայացվեն Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը հյուրընկալելու պատրաստակամություն հայտնած երկրների վերջնական հայտերը, ինչից հետո Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն որոշում կկայացնի խաղերի անցկացման վայրի վերաբերյալ:
Կարծիքներ