Էրդողանը պատրաստ է 2-րդ համարի տակ խաղալ Հարավային Կովկասում․Հայկ Գաբրիելյան
Այն որ երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց են ունենում միմիյանց հետ ոչ մի արտասովոր բան չկա, հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է թուրքական կողմը, այսինքն չենք կարող ասել, թե Պուտինին անհանգստացրել են Էրդողանի քայլերը, թուրքիա-ադրբեջան զորավարժությունները և այլն։ Կողմերը կարևորել են խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման տարբերակները, քանի որ եթե Հարավային Կովկասում մասշտաբային պատերազմ սկսվի, ապա դրանում ներքաշվելու են թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը, հետևաբար հասկանալի է, որ երկու կողմն էլ կարևորում են երկխոսության միջոցով խնդիրների լուծումը։
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցի վերաբերյալ նման կարծիք հայտնեց ՄԱՀՀԻ-ի փորձագետ,Հանուն հանրապետության նախաձեռնության անդամ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։
«Ես կարծում եմ՝ Էրդողանը հասկացել է, որ Ռուսաստանը որոշակի ուղերձ էր հղում տավուշյան թեժացման ժամանակ և զանգահարել է Պուտինին, քննարկել են ամենատարբեր հարցեր, չեմ բացառում նաև, որ գազային կոնֆլիկտի հարցը քննարկած լինեն, որի ֆոնին էլ տավուշյան թեժացումը տեղի ունեցավ»։
Թուրքիան համարվում է Ադրբեջանի երաշխավորը և հետևաբար թուրքական կողմից հնչող ադրբեջանամետ հայտարարությունները նորմալ են, և դա չի նշանակում, թե Թուրքիան սադրում է Ադրբեջանին ռազմական գործողություններ հրահրելու մեջ, ասում է թուրքագետը և հավելում՝ Թուրքիան չի ցանկանում՝ Արդբեջանը մասշտաբային պատերազմ սկսի Հայաստանի դեմ, քանի որ նման պատերազմը նախ մեծապես կհարվածի այն հայտնի ենթակառուցվածքներին (գազատար, նավթատար, երկաթգիծ և այլն), որոնք Ադրբեջանի տարածքով գնում են դեպի Վրաաստան և Թուրքիա։ Գաբրիելյանի կարծիքով Էրդողանի գեր նպատակը Կովկասում Պուտինի օգնությամբ սեփական հարցերն առաջ մղելն է։ «Առանց Պուտինի իմացության ու թույլտվության Էրդողանը ոչինչ չի կարող անել Հարավային Կովկասում, այնպես որ Էրդողանի ամպագոռգոռ հայտարարություններին գրեթե կարևորություն չեմ տալիս։ Եթե Պուտինը բարեհաճ է տրամադրված, ապա Էրդողանը կանի այդ քայլը, եթե ո՛չ ապա բացառվում է»։
Գաբրիելյանը չի բացառում, որ Էրդողանն այլընտրանքային բանակցային ձևաչափ է ուզում ստեղծել ԵԱՀԿ Մինսկ-ի խմբին զուգահեռ։ «Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, բայց որևէ լուրջ մասնակցություն չունի և չի էլ կարող ունենալ արցախյան հակամարտությանը, այդ իսկ պատճառով Էրդողանը անընդհատ փորձում է Պուտինին համոզել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մեկ այլ այլընտրանքային ձևաչափ ստեղծեն, որտեղ արդեն Թուրքիան շատ ուժեղ դերակատարում կունենա»։
Թուրքագետը հիշեցրեց, որ Սիրիայի հարցում կար ժնևյան հայտնի ձևաչափը, որը Արևմուտքն էր նախաձեռնել, ի հակակշիռ դրան տարածաշրջանային երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ստեղծեցին բանակցային նոր ձևաչափ և գործով ապացուցեցին, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների կողմից։
Կարծիքներ