ՀՀ ՄԻՊ-ն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց դեպքերի հետաքննությանն առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց դեպքերի հետաքննությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 29-ին ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:

ՄԻՊ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Ողջունելով Միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատն ու հաստատության գործունեության ուղղությունները: Նա նաև զրուցակիցներին տեղեկացրել է կառույցի հանրային բարձր վստահության մասին, ինչն, ըստ Պաշտպանի, կարևոր երաշխիք է առաքելության արդյունավետ իրականացման համար:

Քրիստիննե Գրիգորյանն Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների հետ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքների ուղղությունները, որոնք ներառում են ընտանիքներին հանդիպող ինչպես ամենօրյա խնդիրների լուծումն, այնպես էլ՝ իրավական խորհրդատվությունն ու հոգեբանական աջակցությունը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից օգտվելը դյուրացնելը: Պաշտպանն ընդգծել է, որ թե անհետ կորած անձանց, և թե գերության մեջ պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում:

Քեթրին Բոմբերգերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի 25 տարվա աշխատանքային փորձառությունը, որը միտված է օգնելու պետություններին հետպատերազմական ժամանակահատվածում անհետ կորած անձանց դեպքերի ուսումնասիրման, նրանց ընտանիքներին իրավական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ պատշաճ հետաքննական մեխանիզմներ և ինստիտուցիոնալ կառուցակարգեր հիմնելու հարցում:

Պաշտպան Գրիգորյանը հատկապես կարևորել է անհետ կորած անձանց հարցերը կարգավորող համապարփակ օրենսդրության մշակման, ինչպես նաև՝ տրամաբանական ու կարողություններով օժտված ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է անհետ կորած անձանց հարազատների ներգրավվածության կարևորությունը թե՛ օրենսդրության և թե՛ մեխանիզմների մշակման գործընթացում:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում