8 օրով տիեզերք մեկնած ամերիկացի տիեզերագնացները կարող են ՄՏԿ-ում մնալ մինչև 2025 թվականը

8 օրով տիեզերք մեկնած ամերիկացի տիեզերագնացները կարող են ՄՏԿ-ում մնալ մինչև 2025 թվականը

Ամերիկացի տիեզերագնացներ Բարրի Ուիլմորը և Սունիտա Ուիլյամսը հունիսի 5-ին Boeing Starliner տիեզերանավով փորձնական առաքելություն կատարեցին դեպի Միջազգային տիեզերակայան և պետք է մի քանի օրից տուն վերադառնային, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նրանք արդեն 2 ամիս է՝ տիեզերքում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ 61-ամյա Ուիլմորը և 58-ամյա Ուիլյամսը ՄՏԿ են մեկնել Boeing Starliner-ով, որն առաջին անգամ էր մարդկանց տանում տիեզերք։ Տիեզերագնացները պետք է որոշ փորձարկումներ կատարեին, նախքան Starliner-ը կօգտագործվեր ավելի կանոնավոր թռիչքների համար։ Այնուամենայնիվ, արդեն ՄՏԿ-ին մոտենալիս խնդիրներ են ի հայտ եկել, այդ թվում՝ արտահոսք շարժիչային համակարգում և որոշ շարժիչների աշխատանքի խափանում:

Այսպիսով, տիեզերագնացներին Երկիր վերադարձնելու համար անհրաժեշտ կլինի այլընտրանքային փոխադրամիջոց, եթե Starliner-ն անվտանգ չհամարվի Երկիր վերադառնալու համար: ՆԱՍԱ-ի պաշտոնյաները հայտնել են, որ առայժմ հստակ որոշում կայացված չէ։ Ըստ նրանց՝ քննարկվող հնարավոր տարբերակն այն է, որ SpaceX-ի Crew Dragon առաքելությունը, որը պետք է սեպտեմբերին տիեզերագնացների տանի ՄՏԿ-ում գտնվող տիեզերագնացներին փոխարինելու, բաղկացած կլինի անձնակազմի 2 անդամից՝ 4-ի փոխարեն, որպեսզի առաքելության ավարտին՝ 2025 թ. փետրվարին, նրանց հետ Երկիր վերադառնան նաև Ուիլմորը և Ուիլյամսը։ Սա նշանակում է, որ Ուիլմորը և Ուիլյամսը տիեզերքում կմնան ևս 6 ամիս, այսինքն՝ 8 օրվա փոխարեն՝ 8 ամիս։

Եթե որոշում կատարվի այս տարբերակի օգտին, ապա Starliner-ը Երկիր կվերադարձվի առանց անձնակազմի՝ համակարգչային հսկողությամբ:ՆԱՍԱ-ի պաշտոնյաները նշել են, որ վերջնական որոշում կայացնելու համար կարող է պահանջվել մեկ շաբաթ կամ ավելի:Այս շաբաթվա սկզբին ՆԱՍԱ-ն SpaceX հրթիռով սնունդ և պաշարներ է հասցրել ՄՏԿ, ինչպես նաև լրացուցիչ հագուստ՝ երկու տիեզերագնացների համար:

Չնայած տիեզերագնացները շատ ավելի երկար ժամանակ կանցկացնեն տիեզերքում, քան ի սկզբանե ծրագրել էին, սակայն նրանցից առաջ եղել են տիեզերագնացներ, որոնք ավելի երկար են մնացել ՄՏԿ-ում։ Ռուս Վալերի Պոլյակովը 1990-ականների կեսերին «Միր» տիեզերակայանում անցկացրել է 437 օր: 2023 թվականին ամերիկացի տիեզերագնաց Ֆրենկ Ռուբիոն վերադարձել է ՄՏԿ-ից այնտեղ 371 օր գտնվելուց հետո։ Իսկ ռուսաստանցի Օլեգ Կոնոնենկոն, որը նույնպես ներկայում գտնվում է ՄՏԿ-ում, առաջին մարդն է, որն իր կարիերայի ընթացքում ավելի քան 1000 օր է անցկացրել տիեզերքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում