Տեղի է ունեցել ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային բաց քննարկումը
Փետրվարի 21-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային բաց քննարկումը:
Քննիչ հանձնաժողովի նախագահը ներկաներին ծանոթացրել է դռնփակ քննարկումների ընթացակարգին, ներկայացրել աշխատանքային պայմանները:
Նա կարեւորել է այն հանգամանքը, որ աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների կողմից պատվիրակված անդամներ` անկախ խորհրդատուներ Արտակ Գասպարյանն ու Գարիկ Մխիթարյանը:
Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է նաեւ աշխատանքներին որպես անկախ խորհրդատու՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանի մասնակցության կարեւորությունը:
Նշելով, որ հանձնաժողովի աշխատանքը ծավալուն եւ ընդգրկուն է լինելու՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Անհրաժեշտության դեպքում ցանկացած ոք կհրավիրվի հանձնաժողով՝ պարզաբանումներ ներկայացնելու»: Նաեւ տեղեկացրել է, որ նիստերը տեսանկարահանվելու եւ արխիվացվելու են:
«Շատերը փորձում են քաղաքականացնել այս թեման, ասել, թե չեն ուզում գալ, հանձնաժողովը լեգիտիմ չէ: Ոչ, լեգիտիմ է ի սկզբանե, քանի որ սա սահմանադրական պահանջ է: Ավելին՝ շատ ավելի լեգիտիմ է, որովհետեւ առաջին անգամ մեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների պատվիրակած անդամները»,- ասել էԱնդրանիկ Քոչարյանը:
Որոշակի պարբերականությամբ` հանձնաժողովի նախագահն անդամների թույլտվությամբ լրագրողներին կներկայացնի որոշ տեղեկություններ: Նա շեշտել է, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքն աշխատելու է ամբողջ ծավալով:
«Դժվար է ասել, թե եզրակացության երբ կհասնենք, բայց այդ եզրակացությունը պետք է լինի հնարավորինս անթերի: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ունեցանք եզրակացություն, բայց հիմնական դժգոհությունն այն էր, որ եզրակացությունը հասարակությանն անհասանելի եղավ, բայց պետական կառույցներին դա եղավ հասանելի: Եւ կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո հասանելի կլինի նաեւ հասարակությանը»,- ասել է Քոչարյանը:
Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում գնալ հանձնաժողովի նիստերին՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու:
Այնուհետեւ աշխատանքային քննարկումը շարունակվել է փակ ձեւաչափով:
Կարծիքներ