Պուտինը ՄԱԿ-ին և ԱՀԿ-ին կոչ է արել հետևել Ղարաբաղում Կարմիր Խաչի օրինակին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ՄԱԿ-ին, ԱՀԿ-ին եւ Պարենի համաշխարհային ծրագրին հետեւել Կարմիր Խաչի օրինակին Ղարաբաղում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Հատուկ նշանակություն է ստանում մոբիլիզացման եւ միջազգային օգնության խնդիրը: Այդպիսի աշխատանքի հիմքը, մեր խաղաղապահների շնորհիվ, ստեղծված է: Գիտեմ, որ բազմաթիվ երկրներում մարդիկ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակով, կարեկցում են մարդկանց, որոնք հայտնվել են այդպիսի բարդ դրության մեջ: Սակայն այժմ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների համար անվտանգ պայմանները ստեղծված եւ ապահովված են: Իսկ այդ ուղղությամբ համատեղ ջանքերի դաշտն ահռելի է»,-ասել է Պուտինը ռուս խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ առաջատար դերը պատկանում է Կարմիր Խաչին, իսկ դրա նախագահը հաստատել է կազմակերպության պատրաստակամությունը մեծացնել ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում ակտիվությունը:
«Կարծում եմ, որ կարեւոր է, որ այդ օրինակին հետեւեն այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման վարչությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը եւ ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը»,-հայտարարել է ՌԴ նախագահը:
Կարծիքներ