Գյումրիում Քերոբյանը խոսել է Իրաքից ունեցած ակնկալիքի մասին

Գյումրիում Քերոբյանը խոսել է Իրաքից ունեցած ակնկալիքի մասին

2 ամիս առաջ Բաղդադում կայացել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր, այդ թվում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Գրում է «Հայկական ժամանակը»-ը։

Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ նախարարի, արդեն մի շարք հայկական ընկերություններ մատուցում են տեխնոլոգիական ծառայություններ Իրաքի իրենց գործընկերներին և Գյումրիում այսօր տեղի ունեցած «Միավորելով նորարարությունը» հայ-իրաքյան համաժողովը ցույց տվեց, որ այդ ներուժն անհամեմատ մեծ է:

Քերոբյանի խոսքով, հայկական ընկերությունները պետք է ուշադիր հետևեն իրաքյան շուկային, որովհետև 43 մլն բնակչությամբ և բազմաթիվ ոլորտներում տեխնոլոգիաների կարքի ունեցող երկիր է:

«Մեզանից շատ մոտ հեռավորության վրա բարեկամ երկիր է, անվտանգ երկիր է, չնայած հրապարակումերում հաճախ վտանգավոր է թվում, բայց իրականում անվտանգ է»,- վստահեցրեց նա:

Բացի տեխնոլոգիականից, ՀՀ-ն Իրաքի հետ համագործակցության հնարավորություններ է տեսնում նաև գյուղատնտեսության, շինարարության, սննդարդյունաբերության, ինչպես նաև արտահանումների տեսանկյունից:

«Քանի որ Գյումրիում ենք, ես ուզում եմ հիշեցնել Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները, որոնցում ամեն երկրորդ բառը Բաղդադն է, սկսած «Աբու-Լալա Մահարի»-ից:

Պետք է նկատի ունենալ, որ հայ և իրաքցի ժողովուրդները դեռ հին ժամանակներից են իրար հետ աշխատել, Իրաքում կան հայկական եկեղեցիներ, հայկական համայնք, և կան հարաբերությունները զարգացնելու մեծ հնարավորություններ:

Նորություններում թե ՀՀ-ն, թե Իրաքը լավ լույսի ներքո չեն երևում միջազգային տեսանկյունից, բայց վստահեցնում եմ, որ իմ այցելություններն անցել են շատ ապահով, ես Բաղդադը տեսել եմ շատ անվտանգ տեսանկյունից»,- ասաց Քերոբյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում