Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան. ԿԳՄՍՆ

Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան. ԿԳՄՍՆ

ՀՀ Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում որոշվել է 171 մլն 590,5 հազար դրամ գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի պետական բյուջեի տնտեսումների վերաբաշխման հաշվին կկատարվեն կապիտալ բնույթի մի շարք աշխատանքներ: Մասնավորապես, նախատեսվում են Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարասրահի հատակի հիմնանորոգում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում:

Հատկացման շրջանակում նախատեսվում է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, որով կվերակառուցվեն ստորգետնյա 5 պահոցները, 2 միջանցքները, հորիզոնական և թեք թունելների աստիճանավանդակներն ու օժանդակ այլ տարածքներ:

Մատենադարանի նշված ստորգետնյա հատվածները գտնվում են գերխոնավ միջավայրում՝ գրունտային ջրերի հարևանությամբ: Հորիզոնական և թեք թունելներում անհրաժեշտ է ջրամեկուսացնել և ամրացնել սեյսմիկ կարերը, հատակի վրա ապահովել տեղափոխմանն ու պահպանմանը հարմարեցված սալահատակ, իրականացնել ընդհանուր նորոգման աշխատանքներ, տեղադրել մեխանիկական և էլեկտրական քարշակ մեխանիզմներ:

Նախատեսվում են նաև Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ջեռուցման արտաքին համակարգի հիմնանորոգում, Երևանի թիվ 195 ավագ դպրոցի վերանորոգում, ինչպես նաև մի շարք հուշարձանների վերականգնման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն:

Որոշվել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում գտնվող՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներ» մոնումենտալ քանդակի վերականգնման աշխատանքների գնման ընթացակարգը սահմանել մեկ անձից` հիմք ընդունելով քանդակագործի դստեր` Է. Բեջանյանի՝ քանդակագործ Ռ. Մանուկյանին տրամադրված հեղինակային իրավունքի լիազորագիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում