Հրդեհվել են Շիրակ գյուղի եկեղեցին և մատուռը

Հրդեհվել են Շիրակ գյուղի եկեղեցին և մատուռը

Այսօր՝ հունիսի 30-ին, կեսօրն անց արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Գրեթե միաժամանակ հրդեհվել են գյուղի տարբեր հատվածներում գտնվող մատուռն ու կիսավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ հատվածը: Մատուռն այրվել է ամբողջությամբ, եկեղեցում բռնկված հրդեհը հնարավոր է եղել արագ հանգցնել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն ասաց՝ գյուղում բոլորը կատարվածից տարակուսած են:

«Ժամը 15:00-16:00-ն ընկած հատվածում էր, որ հրդեհի մասին իմացանք: Մի պահ չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Գյուղի մի մասը տեղյակ էր, որ մատուռն է այրվում, մի մասն էլ գիտեր՝ սուրբ Մինասը: Մինչև մատուռի հրդեհի զանգը եկավ՝ գնացի, եկեղեցու հրդեհի զանգը եկավ: Ու պարզվեց, երկուսն էլ կրակի մեջ են»,- ասաց Ասատրյանը:

1920-ականների վերջերին Իսպիրյանների հիմնած մատուռում ամեն ինչ է ոչնչացել: Երկու մարտական հաշվարկի օգնությամբ է հնարավոր եղել մարել հրդեհը: Մատուռի տերը՝ Վարազդատ պապիկը, մեզ հետ զրույցում ասաց՝ պատկերացում անգամ չունի, թե հրդեհն ինչի հետևանք է:

«Ոչ գիտենք՝ մոմից է, ոչ գիտենք՝ մարդուց է: Էլ բան չի մնացել, մինչև վերջ վառել է: Միշտ էլ բաց է եղել մեր դուռը պապական օջախի նման, ամեն մարդ մտել-ելել է, մեր պապական սուրբն էր: Թե հատուկ էլ էրած է, Աստված թող էնողին ներե»,-ասաց Վարազդատ Իսպիրյանը:

Մի փոքր այլ է սուրբ Մինասում կատարվածը:

Կիսավեր եկեղեցու փակ հատվածում, որտեղ նաև հին շիրմաքար կա, հրդեհից հետո գտնվել է կիսայրված եռագույն, որով ծաղիկներ են եղել փաթաթված:

Դրոշը, ըստ վարչական ղեկավարի, մշտապես բավական հեռու է դրված եղել այդ շիրմաքարից, կիսավեր եկեղեցու բաց հատվածում: Հիմա սակայն, այն գտնվել է սուրբ Մինասի փակ հատվածում՝ շիրմաքարի վրա՝ կիսավառված ու ծաղիկներով փաթաթված վիճակում:

Եկեղեցում կախված խաչը ևս կոտրված է եղել: Այն, ըստ Ասատրյանի, բավական հեռու է եղել հրդեհված հատվածից:

«Իմ կարծիքով չի կարող սա պատահականություն լինել, վայրկյանների տարբերությամբ երկու սրբատեղի է այրվել, մի փոքր տարօրինակ է»,-ասաց վարչական ղեկավարը:

Վերջին օրերին կամ այսօր տեսե՞լ են արդյոք օտար մարդկանց գյուղում՝ ՀԺ-ի հարցին, վարչական ղեկավարն ասաց՝ դա էլ են քննարկել: Որևէ մեկը անծանոթի չի նկատել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում