Դատախազությունն ընթացք է տվել ԿԳՄՍՆ-ի՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ փոխանցված դիմումին
ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» ֆիլմի առնչությամբ ներկայացրած դիմումը և սահմանված կարգով ընթացք տվել դրան:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից:
ԿԳՄՍ նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Նշվում էր, որ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ համաձայն՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։
«Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների և դեռահասների սոցիալական ընդօրինակման մեխանիզմներով վարքային դրսևորումների պայմանավորվածությունը՝ նմանօրինակ ֆիլմի դիտման արդյունքում երեխան կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ և անգիտակցաբար սկսել կիրառել նույնատիպ վարքագիծ։ Բացի այդ՝ ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն աչքի են ընկնում խոսքային հաղորդակցման անընդունելի դրսևորումներով, քրեական ենթամշակույթ կրող անձանց բնորոշ ժեստերի կիրառմամբ, ինչը ևս կարող է ընդօրինակվել երեխայի կողմից»,- հայտնել էր ԿԳՄՍ նախարարությունը:
Կարծիքներ