Հայաստանի հավաքականը արտագնա խաղում չկարողացավ հաղթել Էստոնիային

Հայաստանի հավաքականը արտագնա խաղում չկարողացավ հաղթել Էստոնիային

armtimes.com  Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ հոկտեմբերի 14-ին հանդիպեց Էստոնիայի ընտրանուն:

Խաղը շատ ակտիվ սկսեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: 8-րդ րոպեին ձախ եզրում Էդգար Բաբայանի սկսած լավ գրոհը շարունակեց Տիգրան Բարսեղյանը՝ ներխուժելով տուգանային հրապարակ ու գնդակը կախելով դարպասային հրապարակի վրա, որտեղ էլ գրոհին միացած եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը գլխի հարվածով բացեց հաշիվը:

Սակայն հաղթողի դերում Հայաստանի հավաքականը երկար չմնաց: Ընդամենը 6 րոպե անց Ռաունո Սապինենը Մատիաս Կայտի փոխանցումից հետո խփեց պատասխան գնդակը:

Առաջին կեսի մնացած ժամանակում նախաձեռնությանն ավելի շատ տիրում էին դաշտի տերերը, որոնք մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Դավիթ Յուրչենկոյի դարպասի մոտ: Հայաստանի հավաքականի դարպասապահը վստահ էր գործում, ինչը չի կարելի ասել պաշտպանների մասին, որոնք հաճախ էին թույլ տալիս մրցակցին հարվածներ կատարել դարպասին: Առաջին կեսում նոր գոլեր չեղան:

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը մի փոքր կարողացավ հավասարեցնել խաղը, սակայն լուրջ վտանգավոր պահերի գործը չէր հասնում: Էստոնիայի հավաքականի գրոհները նորից ավելի վտանգավոր էին, մեկ անգամ նորից լրջորեն խաղի մեջ մտավ Յուրչենկոն: Երկրորդ կեսի միջնամասից երկու թիմերի գրոհների տեմպերը մարեցին: Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը մի քանի փոխարինումներ արեց՝ դաշտ դուրս բերելով Գևորգ Ղազարյանին, Գեղամ Ղադիմյանին և Վահան Բիչախչյանին, սակայն դա գրեթե ոչինչ չփոխեց առջևի գծում: Նոր գոլեր չեղան, գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Զուգահեռ ընթացած մեր խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիան և Վրաստանը նույնպես մեկական գնդակ խփեցին: Ընդ որում, մակեդոնացիները, խաղի ընթացքում մնալով 10 ֆուտբոլիստներով, կարողացան վերջին րոպեներին խուսափել պարտությունից: Վրաստանի հավաքականը 75-րդ րոպեին Կվիչա Կվարատխելիայի ջանքերով բացեց հաշիվը, իսկ մրցավարի ավելացրած 3-րդ րոպեինԷգզիյան Ալիոսկին խփեց պատասխան գնդակը:

Այսպիսով, 4 տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր և խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ առաջատարներ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին զիջելով մեկ միավորով:

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Դավիթ Յուրչենկո, Արման Հովհաննիսյան (Սերոբ Գրիգորյան, 46), Տարոն Ոսկանյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Վեյմար Անգուլո, Արտակ Գրիգորյան (Սոլոմոն Ուդո, 42), Էդգար Բաբայան (Գևորգ Ղազարյան, 58), Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան (Վահան Բիչախչյան, 85), Ալեքսանդր Կարապետյան (Գեղամ Ղադիմյան, 84):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում