Վերապատրաստման անվճար դասընթացներ ռուսաց լեզվի ուսուցիչների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երեւանում գործող «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի եւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջեւ կնքված եռակողմ պայմանագրի շրջանակում կազմակերպվում են ՀՀ ավագ եւ հիմնական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ: Այս փուլում կարող են մասնակցել կրթական 3-րդ աստիճանում դասավանդող ուսուցիչները:
Դասընթացները հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ անցկացվելու են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փորձառու դասախոսների կողմից: Մեկնարկը կտրվի մարտի 1-ին։
Դասընթացի ընդհանուր տեւողությունը երեք շաբաթ է՝ 78 ժամաքանակով, որում նախատեսված է շաբաթական 20-ական ժամ գործնական եւ 18 ժամ ինքնուրույն աշխատանք: Վերապատրաստման ծրագիրը ներառում է լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա եւ մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն:
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսուցիչներին կտրվի վկայական՝ կնքված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի եւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից:
Ուսուցիչների վերապատրաստման ծախսերը հոգում է «Դոմ Մոսկվի» կենտրոնը:Դասընթացներին գրանցվելու համար մասնակիցները [email protected] էլ. փոստին կարող են ուղարկել գրավոր դիմում՝ նշելով դպրոցը, մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը եւ էլ. փոստի հասցեն:
Դիմումները պետք է ներկայացնել մինչեւ սույն թվականի փետրվարի 26-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար մասնակիցները կարող են զանգահարել բուհի աշխատակից Լիլիթ Ներսիսյանին (հեռ.՝ 098-01-04-88, 060-83-01-22, ներքին՝ 2-80):
Կարծիքներ