Մեր երկիրն ընդլայնում է բարելավման ծրագրերը․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտան «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել են ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ:
«Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է»,- նշել է Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին երեխաների առողջության, հիվանդությունների կանխարգելման, սքրինինգային ծրագրերի, բուժական հատվածի և վերականգնողական օգնության ուղղությամբ բավականին մեծ առաջընթաց է գրանցվել, որն արտահայտվում է ոչ միայն ծրագրերի ընդլայնմամբ, դրանց որակի բարելավմամբ, այլև ականատես ենք գիտական մեծ աշխատանքի:
«Չենք կարող խոսել առաջընթացի մասին, եթե մեր բժշկական կնետրոնները մասնակից չեն նաև հետազոտական, գիտական աշխատանքներին»,- նշել է նախարարը:
«Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը նշել է, որ ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մեծ փորձառությունը, տվյալահեն, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտներում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ունենալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ:
Կարծիքներ