Ոստիկանության բաժնում փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ
Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ:
Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը:
«Այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։
Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Հարկ է ընդգծել, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Փաստաբանների պալատի խոսնակը երեկ հայտնել էր, որ Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանին ոստիկանության բաժնի ծառայողները և պարեկները ենթարկել են բռնության:
ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ հունիսի 7-ին նշյալ դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել՝ կրկին այլ մանրամասներ չհաղորդելով:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում հայտնել է, որ փաստաբանի նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքի առթիվ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ ՔՕ-ի 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Խոշտանգումը):
Նշենք, որ, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, ենթադրյալ բռնության ենթարկված փաստաբանը Կարեն Ալավերդյանն է:
Կարծիքներ