Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքը կարևոր փաստաթուղթ է լինելու. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Արցախի Ազգային ժողովում, կարևոր փաստաթուղթ է լինելու և շատ կարևոր քայլ է Արցախի հիմնահարցի հանգուցալուծման և Արցախի միջազգային կարգավիճակի որոշման ուղղությամբ մոտեցումները հստակեցնելու առումով:
Այդ մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով օրինագծի կարևորությունը քաղաքական, պատմական և բարոյական տեսանկյուններից:
«Սա, իհարկե, շատ կարևոր մի փաստաթուղթ է լինելու: Եվ դա մեր տեսլականն է, դա կարևոր է ե՛ւ քաղաքական, ե՛ւ պատմական, ե՛ւ բարոյական տեսանկյուններից: Ընդհանրապես կարևոր քայլ է, և այդ գործընթացը ինքնին շատ կարևոր է: Հետևաբար, Արցախի Ազգային ժողովում այդ քննարկումները կլինեն, և մենք պատրաստվում ենք, որ ակտիվ քննարկումներ են լինելու: Բնական է՝ այդ օրենքը համապարփակ է լինելու՝ ներառելով տարբեր ասպեկտներ», – մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:
Ըստ Արցախի արտգործնախարարի՝ մեծ է հավանականությունը, որ օրինագիծը կընդունվի, և նույնը կանխատեսում են նաև Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու քաղաքական ուժերը:
Արցախի Հանրապետության «Բռնազավթված տարածքների մասին» 2022 թ. փետրվարի 4-ին հրապարակված օրինագիծը շրջանառության մեջ է դրվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի և խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ: Առաջին ընթերցմամբ քննարկումը խորհրդարանում նախատեսված է փետրվարի 16-ին:
Օրենքի նախագիծը սահմանում է «1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները»:
Օրենքի նախագծով բռնազավթված տարածքներ են համարվում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները:
Կարծիքներ