ԼՂ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են սառեցման համակարգերով, պիտանիության խնդիր չի լինի. Վարդան Սարգսյան
Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են համապատասխան սառեցման համակարգերով, որոնք թույլ են տալիս պիտանելիության հետ կապված խնդիրները լուծել:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը ընդգծելով, որ, հաշվի առնելով այն օրհասական իրավիճակը, որը այս պահին տիրում է Լեռնային Ղարաբաղում, իրենք բոլոր ջանքերը շարունակում են ներդնել ժամ առաջ այս ուղեբեռը տեղափոխելու նպատակով:
«Այսօր, ինչպես տեղյակ եք, «Գրանդ Քենդի» ընկերության կողմից երկու բեռնատարներով քաղցրավենիք միացել է շուրջ 8 օր այստեղ գտնվող 19 բեռնատարների շարասյանը, որը Հայաստանի կառավարությունը որպես հումանիտար օգնություն ցանկանում է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:
Իրոք ողջունելի է, որ մասնավոր հատվածը միանում է Հայաստանի կառավարության այս հումանիտար նախաձեռնությանը, որը ի ցույց է դնում այն համընդհանուր մտահոգությունն ու անհանգստությունը, որը առկա է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով պայմանավորված»,- ասաց Սարգսյանը:
Վարդան Սարգսյանն ընդգծեց՝ «Գրանդ Քենդի» ընկերության նախաձեռնությունը ուղղված է հիմնականում երեխաներին. Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող մարդկանց շրջանում թերևս այս իրավիճակից ամենից շատ տուժում են երեխաները:
«Լեռնային Ղարաբաղում բնակվող երեխաները փաստացի այս պահին զրկված են ոչ միայն այս քաղցրավենիքից, այլ նաև ամենօրյա սննդից, էլ չենք խոսում բուժօգնության և կրթության իրավունքի մասին: Ցավով պետք է արձանագրենք, որ այս իրավիճակը նպաստում է նրան, որ երեխաները պարզապես զրկվեն անհոգ մանկությունից:
Ուստի, հույս ունենք, որ քաղցրավենիքներով ուղեբեռը մնացած բեռների հետ հնարավորինս շուտ կկարողանանք հասցնել Լեռնային Ղարաբաղ, որը գոնե մասամբ կմեղմի այն բարդ իրավիճակը, որին ներկայումս ականատես ենք լինում»,- ասաց նա:
Անդրադառնալով առհասարակ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝ Վարդան Սարգսյանը նկատեց, որ իրավիճակը դեռևս մնում է նույնը, ջանքերը շարունակվում են օր առաջ հումանիտար բեռը տեղ հասցնելու գործընթացը հաջողությամբ ավարտելու ուղղությամբ:
Կարծիքներ