Երևանի կաշվի գործարանը նախատեսում է ընդլայնել իր արտադրական տարածքները ՀՀ մարզերում
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ապրիլի 13-ին այցելել է Երևանի կաշվի գործարան՝ ծանոթանալու արտադրական հզորություններին, գործունեությանն ու առկա խնդիրներին։
Գործարանը 2016-ին ձեռք են բերել սփյուռքահայ Հայկազ եղբայրները, որոնք մինչ այդ կաշեգործությամբ են զբաղվել Նիդերլանդներում։
Գործարանի համասեփականատեր Երվանդ Հայկազի և տնօրեն Արսեն Թուֆենկջիի ուղեկցությամբ Ռաֆայել Գևորգյանը շրջել է արտադրամասերում՝ ծանոթանալով հումքի մշակման գործընթացին՝ քննարկելով հումքի որակի բարձրացմանը, նորագույն սարքավորումների ներդրմանը, տեղական կաշեգործական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտադրության և արտահանման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։
Սկզբնական շրջանում գործարանը արտադրում էր միայն կիսապատրաստված կաշի (wet blue), այսօր արդեն արտադրում են վերջնական մշակված կաշի` հիմնական մասը սպառելով է հայկական բանակի և այլ ուժային կառույցների համար կոշիկներ կարող արտադրողին։
Ընկերությունը համալրված է փորձառու և երիտասարդ մասնագետներով, սակայն մասնագիտական կադրերի պակասը մնում է առաջնային խնդիր: Գործարանի արտադրության ծավալը ներկա պահին կազմում է շուրջ 14 մլն դմ2, արտադրական հզորությունները լիարժեք օգտագործելու դեպքում ցուցանիշը հնարավոր է կրկնապատկել: Այդ նպատակով գործարանի ղեկավարությունը նախատեսում է ընդլայնել իր արտադրական տարածքները ՀՀ մարզերում։
Անդրադառնալով պետական աջակցության գործիքներին և մեխանիզմներին՝ Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է կոշիկի/կաշվի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակումը, որի նպատակն է բարելավել ոլորտի կայուն տնտեսական զարգացման պայմանները և աջակցել ներառական աճին:
Ծրագիրը ֆինանսավորվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:
Ընկերության ղեկավարներին ներկայացվել է նաև Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից կարող են օգտվել նաև կաշեգործության ոլորտում գործող կազմակերպությունները։
Ռաֆայել Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրների կարգավորմանը։
Կարծիքներ