Մեգան Մարքլին ստելու համար մեղադրող բրիտանացի հեռուստահաղորդավարը հեռացվել է աշխատանքից
Բրիտանական ITV հեռուստատեսության հայտնի լրագրողներից Պիրս Մորգանը հեռացվել է աշխատանքից, երբ բրիտանացի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, նրա դեմ բողոք է ներկայացրել ալիքի գործադիր տնօրենին: Մորգանը իր «Բարի լույս Բրիտանիա» հաղորդման մեջ ասել է, որ չի հավատում ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի կիրակնօրյա հարցազրույցում Մարքլի ասած ոչ մի բառին, գրում է ТАСС-ը:
Բրիտանացի հաղորդավարը լքել է ստուդիան՝ չսպասելով ծրագրի ավարտին, երբ հաղորդման հյուրերը չեն համաձայնել իր տեսակետի հետ: Ծրագրի թողարկումից հետո բրիտանական Ofcom լրատվամիջոցների կարգավորիչը ստացել է ավելի քան 40 հազար բողոք Մորգանի դեմ: Հաղորդավարին քննադատողները մտավախություն են հայտնել, որ նրա խոսքերը կարող են ընկալվել որպես դեպրեսիան և ինքնասպանության մտքերը իրական խնդիր չհամարելու կոչ: Մորգանը նախկինում էլ բազմիցս հայտարարել է, որ հայտնիների շրջանում նորաձև է դարձել իրենց հոգեբանական խնդիրների հրապարակային քննարկումը:
Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ Մեգան Մարքլը նշել էր, որ իր առաջին հղիության ընթացքում իրեն հետապնդել են ինքնասպանության մտքերը, որի պատճառը թագավորական ընտանիքի մի քանի անդամի և լրատվամիջոցների ճնշումն էր: Մարքլը, որի մայրը աֆրոամերիկացի է, իր ամուսնու հարազատներին մեղադրել է ռասիզմի համար՝ ասելով, որ նրանք մտահոգված էին իր չծնված երեխայի մաշկի գույնով:
Կարծիքներ