Եվրոպայում ապաստան հայցողների թիվը միգրացիոն ճգնաժամից հետո առաջին անգամ աճել է
Միգրացիոն ճգնաժամի մեկնարկից հետո ընկած ժամանակահատվածում առաջին անգամ Եվրոպայում ապաստան հայցողների թիվը կրկին ավելացել է, հայտնում է DW-ն:
Ինչպես հետեւում է Եվրոպայում ապաստանի աջակցության եվրոպական գրասենյակի (EASO) տարեկան զեկույցից, որը հրապարակվել է հինգշաբթի՝ հունիսի 25-ին, Եվրոպայում, այդ թվում՝ ԵՄ 27 երկրում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում եւ Լիխտենշտեյնում 2019-ին ներկայացվել է 738 425 ապաստանի դիմում, ինչը 11 տոկոսով ավել է անցած տարվա համեմատ: 2015-ին ներկայացվել է մոտ 1.4 միլիոն նման դիմում, հիշեցնում է dpa գործակալությունը:
Գերմանիան արդեն 8 տարի է փախստականների հիմնական թիրախն է հանդիսանում: 2019-ին այստեղ ներկայացվել էր 165.615 դիմում (Եվրոպայում ընդհանուր թվի ավելի քան 22 տոկոսը): Ընդ որում, այս ցուցանիշը գրեթե 10 տոկոսով ցածր է անցած տարվա համեմատ:
Փախստականների թվի աճի պատճառների թվում EASO-ն նշում է իրավիճակի վատթարացումը Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում: Օրինակ, Վենեսուելայի քաղաքացիները, որոնք ծանրագույն քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ են ապրում, 2019 թվականին երկու անգամ ավելի (մոտ 46 հազար դիմում) շատ ապաստանի դիմում են ներկայացրել , քան մեկ տարի առաջ: Ինչպես նշվում է փաստաթղթում, Հարավային եւ Լատինական Ամերիկայի բնակիչների մեծամասնության համար վիզաներ պետք չեն ԵՄ երկրներ մուտք գործելու համար եւ ապաստանի համար դիմում են Իսպանիայում:
Կարծիքներ