Նիսում հարձակում գործած թունիսցին ժամանել էր Ֆրանսիա ահաբեկչության նպատակով. ԶԼՄ-ներ

Նիսում հարձակում գործած թունիսցին ժամանել էր Ֆրանսիա ահաբեկչության նպատակով. ԶԼՄ-ներ

Ծագումով Թունիսից հանցագործը, որը հարձակվել էր Նիսում Նոտր Դամ տաճարում հավատացյալների վրա, ժամանել էր Ֆրանսիա ահաբեկչության նպատակով: Այդ մասին կիրակի հայտարարել է հանրապետության ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը La Voix du Nord թերթին տված հարցազրույցում:

«Ահաբեկչությունից կարճ ժամանակ առաջ նա ժամանել էր Ֆրանսիա:  Նա ժամանել էր սպանելու ակնհայտ նպատակով: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ ժամանելուն պես նա զինվել էր մի քանի դանակներով»,-ասել է նախարարը: Դարմանենի խոսքով՝ ահաբեկչության հարցերով դատախազը պետք է պարզի, երբ է հանցագործի մոտ ծագել հարձակման պլանը: «Սակայն նա չէր ժամանել պարզապես փաստաթղթեր ստանալու նպատակով»,-ասել է նախարարը:

ՆԳ նախարարը հաղորդել է, որ իշխանությունները պատրաստվում են ուժգնացել հսկողությունները երկրի սահմաններում: Նա նաեւ ընդգծել է, որ նախարար նշանակվելու պահից սկսած՝ Իտալիայի հետ սահմանին ուղարկվել են լրացուցիչ հարյուր ոստիկաններ: «Ես չեմ ցանկանում, ինչպես ենթադրում են ծայրահեղ աջակողմյա ուժերը, տեսնել ահաբեկիչ յուրաքանչյուր օտարերկրացու մեջ: Սակայն մենք չպետք է թուլանանք»,-ասել է Դարմանենը:

Հոկտեմբերի 29-ի առավոտյան 21-ամյա թունիսցին հարձակվել է Նիսի Նոտր Դամ տաճարի այցելուների վրա: Հարձակման հետեւանքով զոհվել է երեք մարդ: Հանցագործը ձերբակալվել է: Դեպքի հետաքննության մեջ ներգրավված է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությունը: Իշխանությունների տվյալներով՝ քննության շրջանակում բերման է ենթարկվել յոթ մարդ, այդ թվում՝ հարձակվողը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Le Figaro թերթի տեղեկությունների՝ ահաբեկիչը ժամանել էր Նիս հարձակումից մի քանի օր առաջ: Ահաբեկչության նախորդ օրը նրան նկատել են տաճարի մերձակայքում քաղաքային տեսախցիկների համակարգով: Հարձակվողը Ֆրանսիա էր ժամանել Իտալիայի Լամպեդուզա կղզուց: Մինչ այդ նա ընտանիքի հետ միասին ապրել է Թունիսի Սֆաքս նահանգում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում