Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը. Փաշինյան
Երեկ՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 66-րդ օրը, Ադրբեջանը վերականգնել է ԼՂ բնական գազի մատակարարումը, բայց 2 ժամ անց կրկին փակել է գազատարը: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ անգամ Ադրբեջանը ԼՂ-ին բնական գազ մատակարարող խողովակը փակել էր փետրվարի 7-ին, իսկ դրանից առաջ բացել էր հունվարի 29-ին:
2023 թվականի հունվարի 9-ից արգելափակված է ԼՂ էլեկտրական հոսանքի մատակարարումը:
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է սկսվել, էներգետիկ բլոկադայի հետևանքով հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել, և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետև ԼՂ բնակչությունը բնակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում:
Սա անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են, և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում հայկական կողմի այս պնդմանը, հիմա սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում:
«Պատահական չէ, որ ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին 3 ամսում 3 անգամ հայտարարությամբ է հանդես եկել:
Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 18-ին, Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լուրջ վերաբերվել ԼՂ-ում հայերի ցեղասպանության սպառնալիքին: Այս ահազանգն ամբողջ աշխարհում պետք է ամեն օրվա հետ ավելի ու ավելի ահագնանա, և այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական»,- ասաց նա:
Կարծիքներ