Իրանը հերքում է ԱՄՆ-ի այն հայտարարությունները, թե Թեհրանը միջուկային զենք ունի
Իրանի արտգործնախարարությունը պնդում է, որ երկիրը հավատարիմ է միջուկային էներգիայի խաղաղ զարգացման հայեցակարգին, միջուկային զենքը բացակայում է պաշտպանական դոկտրինից, իսկ հակառակի մասին Վաշինգտոնի բոլոր հայտարարություններն անհիմն են և ամերիկյան նախընտրական քարոզարշավի մաս են կազմում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թերները CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, թե Իրանը կարող է մինչև 2024 թ. վերջը հայտարարել, որ միջուկային զենք ունի։
«Իրանի դոկտրինը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումն է՝ երկրի կարիքներին և զարգացման պլաններին համապատասխան, ինչպես նաև Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում՝ միջազգային համաձայնագրերի հիման վրա։
Միջուկային զենքը երբեք չի եղել և չկա Իրանի պաշտպանական դոկտրինում», - հայտարարել է Քանանին:Նա նշել է, որ ամերիկյան կողմի նման հայտարարություններն անհիմն են և ոչ այլ ինչ են, քան նախագահական ընտրություններից առաջ իրենց քարոզարշավի մաս։
Ավելի վաղ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանի պաշտպանական դոկտրինը դրույթներ չի ենթադրում կամ պարունակում միջուկային զենքի վերաբերյալ, և դա հաշվի առնելով՝ ԱՄՆ-ն պետք է ճշգրտի իր քաղաքականությունն Իսլամական Հանրապետության նկատմամբ։
Կարծիքներ