Պատերազմից հետո Արցախի Կարմիր շուկա համայնքի տարհանված բնակիչների 70 տոկոսը վերադարձել է
Պատերազմից հետ առայսօր Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայր է վերադարձել շուրջ 790 բնակիչ՝ 233 տնտեսությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը՝ հավելելով, որ բնակչության մոտ 70 տոկոսը վերադարձել է, իսկ մյուսները սպասում են վերականգնվող տների շինարարության ավարտին:
«Բացի այդ համայնքում վերաբնակվելու ցանկություն է հայտնել տեղահանված 6 ընտանիք, ինչպես նաև 7 ընտանիք՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից»,-ասաց Աթայանը:
Նրա հաղորդմամբ՝ ներկայում ավարտման փուլում են Կարմիր շուկայում կառուցվող բազմաբնակարան 2 շենքերից մեկի շինարարական աշխատանքները:
«Շենքերի 33 բնակարանները նախատեսված են Կարմիր շուկայի 7 բազմազավակ ընտանիքների համար, որոնք ցանկություն են հայտնել առանձնատների փոխարեն բնակվել շենքում: Մյուս՝ ավելի քան 20 բնակարանները, կտրամադրվեն տեղահանված՝ մասնավորապես նաև Թաղավարդ գյուղից տեղափոխված ընտանիքներին»,-մանրամասնեց համայնքապետը:
Պատերազմից հետո Կարմիր շուկայի դպրոցում ուսումնական գործընթացը վերականգնվել է դեռևս այս տարվա հունվարից:
Ներկայում կրթօջախ է հաճախում 168 աշակերտ: Ժամանակավորապես դադարեցվել են համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները: Նախկին 75 նախադպրոցական տարիքի երեխաների փոխարեն, այժմ մանկապարտեզ է հաճախում 23 երեխա»,-հայտնեց Աթայանը:
Նրա հավաստմամբ՝ Կարմիր շուկայում պայմաններ են ստեղծվել նաև բնակչության զբաղվածության ապահովման համար: Հիմնականում աշխատատեղերը շինարարական կազմակերպություններում են: Բացի այդ, գործունեությունը շարունակում են ձեթի և սպիրտի գործարանները:
Կարծիքներ