Moderna-ն հայտարարել է, որ կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300 միլիոն դոզաչափ ապահովել ԵՄ-ի համար
Moderna ընկերությունն արտադրական բավարար կարողություն ունի` Եվրամիության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շատ ավելի մեծ քանակությամբ դեղաչափեր մատակարարելու համար, քան պատվիրված 80 միլիոնն է, շաբաթ օրը France Info ռադիոկայանի հետ զրույցում ասել է ամերիկյան կորպորացիայի ղեկավար Ֆրանսիացի Ստեֆան Բանսելը: Նրա խոսքով` ընկերությունն ի վիճակի է 300 միլիոն դեղաչափ դեղամիջոց մատակարարել ԵՄ-ին:
«ԱՄՆ-մ ամենեւին էլ ընկերության գլխավոր շուկան չէ,- ասել է նա:- 500 միլիոն-1 միլիարդ դեղաչափից, որոնք պետք է արտադրենք, նախատեսում ենք այս երկրից դուրս ավելի շատ մատակարարել, քան այս երկրում: Եվրահանձնաժողովն այս պահի դրությամբ 80 միլիոն դեղաչափ է պատվիրել` եւս 80 միլիոն դեղաչափի տարբերակով: Սակայն եթե նրանք ցանկանում են 300 միլիոն դեղաչափ ստանալ, ապա մենք նրանց կտրամադրենք. այն ծավալները, որոնք նախատեսված են 2021 թվականի համար, որոշվում են հանձնաժողովի, այլ ոչ թե Moderna ընկերության կողմից»:
Բանսելը հայտնել է, որ «հաստատվել է, որ Moderna-ի կողմից ստեղծված պատվաստանյութը մարդկանց 94 տոկոսի մոտ հարյուր տոկոսանոց պաշտպանություն է ապահովում COVID-19-ից կորոնավիրուսով վարակվելիս», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վարակվածների մնացած 6 տոկոսի մոտ հիվանդության միայն մեղմ ախտանիշներ են նկատվում: Փորձարկումների ժամանակ մենք COVID-19-ի ծանր ընթացքով որեւէ հիվանդ չունեինք, որը հոսպիտալացում, վերակենդանացման բաժանմունքում ինտենսիվ թերապիա կպահանջեր կամ մահվան կհանգեցներ»,- ասել է կորպորացիայի ղեկավարը:
Խոսելով պատվաստանյութի փորձարկումների մասին` նա հայտնել է, որ վերջին երրորդ փուլի ընթացքում այն փորձարկվել է 30 հազար մարդու վրա: Միեւնույն ժամանակ, նա խոստովանել է, որ մինչեւ այժմ հաստատված չէ` արդյոք պատվաստանյութը թույլ է տալիս խուսափել կորոնավիրուսով վարակվելուց: «Այս կապակցությամբ մենք դեռ գիտական տվյալներ չունենք, բայց կստանանք դրանք հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Սա շատ կարեւոր հարց է համավարակի դեմ պայքարի համար»,- ասել է նա:
Կորպորացիայի ղեկավարի խոսքով` Moderna-ի կողմից մշակված պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ իմունիտետ է ապահովում առնվազն երեք ամսով: «Մենք կարծում ենք, որ երիտասարդների համար մենք կկարողանանք իմունիտետի հասնել մի քանի տարի ժամկետով` չնայած հիմա դժվար է ասել` դա կլինի, օրինակ, երկու, թե հինգ տարի: Այդ թվում, ինչ վերաբերում է տարեցներին, ապա նրանք, հավանաբար, ստիպված կլինեն կրկնակի պատվաստում անցնել գուցե տարին մեկ կամ երկու տարին մեկ անգամ»,- ասել է փորձագետը:
Կարծիքներ