«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանում տեղի ունեցած «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներն այցելեց են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Հարություն Մարությանը նրանց պատմել է Հուշապատի մասին, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մասնակիցները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Կարծիքներ