Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Նոր Զելանդիան Մեծ Բրիտանիայից հետո նոր պատժամիջոցներ է հայտարարել 3 իրանցիների նկատմամբ՝ նրանց մեղադրելով Ռուսաստանին սպառազինություններ մատակարարելու մեջ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Իրանի դեմ նոր պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանին սպառազինությունների տեխնոլոգիաներ մատակարարելու համար», - հայտարարել է Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Նանայա Մահութան։ Նոր Զելանդիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել նրանց դեմ, ովքեր, իրենց կարծիքով, ներգրավված են անօդաչու թռչող սարքերի արտադրության և դրանք Ռուսաստանին մատակարարելու մեջ։
Խոսքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու հրամանատարների՝ Սայիդ Աղաջանիի և Ամիր Ալի Հաջիզադեի, ինչպես նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի մասին է։ Պատժամիջոցների Է ենթարկվել նաև անօդաչու թռչող սարքեր արտադրող Shahed Aviation Industries ընկերությունը: Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանն, իբր, անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։
Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչուներ, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել էր, որ անօդաչուների հարցի շուրջ ուկրաինացի և իրանցի փորձագետների միջև կայացած հանդիպման ժամանակ Կիևն ապացույցներ չի ներկայացրել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ։ Նա հավելել էր, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցություն գոյություն ունի վաղուց, և միևնույն ժամանակ վերահաստատել Էր, որ երկրներն Ուկրաինայում հատուկ գործողությունների ժամանակ չեն փոխգործակցել անօդաչու թռչող սարքերի հարցում։
Կարծիքներ