Գևորգ Սիմոնյանն այցելել է Դեբեդ գետն ընկած 2 տարեկան երեխային. նրա վիճակը գնահատվում է ծանր
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը «ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ այցելել է Դեբեդ գետն ընկած 2 տարեկան երեխային՝ Արևիկին, ում վիճակը գնահատվում է ծանր:
«Քիչ առաջ այցելեցի Դեբեդ գետն ընկած 2 տարեկան Արևիկին: Երեխան գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր: Մեր բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Հարուցվել է քրեական գործ, մայրը ձերբակալվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել էր 30 փրկարար:
Երեխային ջրահեղձ, անգիտակից վիճակում գտել և հիվանդանոց էր տեղափոխել Ալավերդու 32-ամյա մի բնակիչ:
Կարծիքներ