Տարածության և ժամանակի մեջ Հայաստանի և հայ ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը կախված են մեկ գլխավոր պայմանից. Ռ. Ղեվոնդյան
Տարածության և ժամանակի մեջ Հայաստանի և հայ ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը կախված են մեկ գլխավոր պայմանից, որն ունի իրագործման մեկ հնարավոր ճանապարհ:
Գլխավոր պայմանը հայոց պետականության ինքնիշխանության ամրապնդումն է՝ անկախ պետության գոյության անքննելի անհրաժեշտությամբ:
Հնարավոր ճանապարհը Հայաստանը աշխարհաքաղաքական սուբյեկտի տրամաբանությամբ զարգացնելն է, ինչը նշանակում է գիտակցել, որ մեր երկիրը կենդանի օրգանիզմ է, որը կարիք ունի զարգացման ու ընդարձակման:
Զարգացման ու ընդարձակման հնարավորությունները սահմանափակվում են ռեսուրսներով: Պետության ամենակարևոր ռեսուրսը մարդն է, որը ստեղծում է մնացած բոլոր ռեսուրսները: Հայաստանի դեպքում կարևորագույն խնդիրը, որն իր առջև պիտի դնի մեր ժողովուրդը՝ մարդ ստեղծելն է, այսինքն՝ շատանալը: Մեկ կամ երկու սերունդը ի վիճակի չէ առանձին պայմաններ ստեղծել և իրականացնել զարգացում ու ընդարձակում: Դա շարունակական պրոցես է, որը պետք է ընկած լինի ազգի ենթագիտակցության հիմքում:
Ծախսելով մեծ ռեսուրսներ քանակական աճի համար՝ Հայաստանը հնարավորություն կստանա մի քանի սերնդի ընթացքում ունենալ օրինակ 15 մլն բնակչություն բուն պետության ներսում: 15 մլն բնակչությունը նշանակում է 5 անգամ ավելի մեծ շուկա, ինչը սիներգիայի էֆեկտով կդառնա 10-15 անգամ ավելի մեծ բյուջե, 10-15 անգամ ավելի շատ հնարավորություններ մեր անվտանգությունն ապահովելու և 10-15 անգամ ավելի մեծ հիմքեր պետության ընդարձակման գործընթաց սկսելու համար:
Այս դեպքում, պարտադիր չի լինի ռազմական ուժի դիմել, աշխարհում բազմաթիվ են առանց ռազմական գործողությունների էքսպանսիայի օրինակները, որոնցից միայն մեկն է "փափուկ ուժի" գաղափարը: Ընդ որում, քանակական և, հետևաբար, հնարավորությունների ավելացման ամեն մի փուլին, անկախ մեր կամքից, հետևելու է ազգային ինքնավստահության առաջընթացը:
Այս պլանի հաստատման և իրագործման ճանապարհին կա միայն մի խանգարող հանգամանք՝ մեր ազգային մտածելակերպը արդյունքներ ստանալ այսօր և այստեղ: Նման մտածելակերպ ունեցող ազգերը չեն կարող ապագա աշխարհում տեղ ու դեր ունենալ: Մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ պլանավորում, որը կներառի սերունդների գումարային աշխատանք: Նման գործելաոճի հաջողությունն ապացուցվել է բազմաթիվ օրինակներով, որոնցից ամենավառը հրեաների օրինակն է:
Կարծիքներ