Ես շատ կուզենամ, որ պարոն Մարությանը գնա բժշկի և ստուգի իր դալտոնիզմը. Անի Խաչատրյան

Ես շատ կուզենամ, որ պարոն Մարությանը գնա բժշկի և ստուգի իր դալտոնիզմը. Անի Խաչատրյան

«Հանրապետություն» կուսակցության ավագանու թեկնածու և Երևանի ավագանու գործող անդամ Անի Խաչատրյանը երեկ «Լուրերի» եթերում Պետրոս Ղազարյանի հետ Երևանի զարգացման նախընտրական ծրագրերի հանրային քննարկման ժամանակ խորհուրդ է տվել նախկին քաղաքապետ, այժմ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին դիմել բժշկի։

Ըստ Խաչատրյանի՝ կարիք կա, որ Մարությանը ժողովրդին բացատրի՝ ի վերջո ինքը սև՞ էր, թե՞ սպիտակ։

«Երեք տարի իշխանության եք եղել, ինչո՞ւ չեք դրել հիմքը կանաչ տարածքների ավելացման։ Ունեցել եք 5 տարի ժամանակ՝ այս բոլոր խնդիրները լուծելու համար։ Եվս 5 տարի գալու եք, ասեք՝ մենք ժամանակ չունեցանք։ Պարոն Մարությանը ունեցել է երեք տարի՝ դա լուծելու համար։ Պարոն Մարությանը ձախողել է բոլոր՝ իր առջև դրած ամեն ինչը, համենայն դեպս այն, ինչ այսօր գրված է բոլորիս ծրագրերում՝ աղբահանություն, տրանսպորտ, կանաչապատում։ 5 տարվա ընթացքում չենք ունեցել այն, ինչ նախորդ ծրագրով խոստացել էր Հայկ Մարությանը»,- նկատել է նա:

Խաչատրյանի խոսքով՝ Մարությանը ժողովրդին բաժանել էր սև-սպիտակի, ու դա շարունակվել է կառավարման ամբողջ ընթացքում՝ թե՛ քաղաքապետարանի նիստերի դահլիճում, թե՛ դրանից դուրս. «Առհասարակ, ես շատ կուզենամ, որ պարոն Մարությանը գնա բժշկի և ստուգի իր դալտոնիզմը, մեզ ասի՝ հիմա սև՞ էին, թե՞ սպիտակներ էին իր սպիտակները, ում համար մեզ բոլորիս սևացրել է: Պետք է դրա պատասխանները տա, թե՞ խաբում էր ժողովրդին, որ ասում էր՝ մենք սպիտակ ենք, մնացածը՝ սև, միգուցե ինքն էր սևը»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում