Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Երևանի տաքսիներում և հասարակական տրանսպորտում
Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել ուժեղացված վերահսկողություն հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։
Մասնավորապես՝ Արցախի փողոցի և Աբովյանի պուրակի հարակից տարածքներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրման դեպքեր։
Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր։
Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են նաև լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ։
ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:
Կարծիքներ