Լիխտենշտեյնի արքայազը և այլ առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել մարդասիրական օգնություն տեղափոխել Արցախ

Լիխտենշտեյնի արքայազը և այլ առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել մարդասիրական օգնություն տեղափոխել Արցախ

Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը և մարդասիրական գործունեություն իրականացնող այլ առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել օդանավով մարդասիրական օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: 

Այս մասին տեղեկացավ Շվեյցարական Impact Investing Solutions կազմակերպությունից: 

Նորին Վսեմություն Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը պատրաստակամություն է հայտնել ղեկավարել մարդասիրական օգնության օդանավը դեպի շրջափակված Արցախ և լինել՝ Ազնավուր հիմնադրամի կողմից դեպի տարածաշրջան սնունդ և դեղորայք տեղափոխող օդանավում:

«Մենք՝ Impact Investing Solutions կազմակերպությունը Շվեյցարիայից, Նորին Վսեմություն արքայազն Մայքլը, աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին առաջնորդներ, պատրաստ ենք անհրաժեշտ ավիափոխադրումներ կատարել Լեռնային Ղարաբաղ, որտեղ արդեն 8 ամսից ավելի է, ինչ 120.000 մարդ, այդ թվում՝ 30.000 երեխա, զրկված է սննդից և դեղորայքից: 

Դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական ավիափոխադրում կազմակերպելու կոչն առաջին անգամ հնչել է 2022 թվականի դեկտեմբերին մի խումբ համաշխարհային մարդասիրական գործունեություն իրականացնող առաջնորդների կողմից, ներառյալ՝ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբոուին, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և առողջապահության նախկին նախարար Բեռնար Քուշները, կլիմայի և հավասարության քարոզարշավի մասնակից, Unilever-ի նախկին գործադիր տնօրեն Փոլ Պոլմանը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Զեդիլյոն և բազմաթիվ մարդու իրավունքների այլ պաշտպաններ և խաղաղության ակտիվիստներ:

Կազմակերպվում է միջազգային մարդասիրական ավիափոխադրում, որը սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ իրեր կմատակարարի տեղի բնակչությանը և կտարհանի նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում։ Նրանց թվում են նաև Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի հիվանդներ, որոնք ծանր վիճակում են և շտապ բժշկական օգնություն են պահանջում։

Միևնույն ժամանակ, մինչ ճանապարհը մնում է արգելափակված, մարդասիրական օդանավը պետք է օգնի տեղի բնակչությանը գոյատևել: Ստեփանակերտում արդեն գործում է օդանավակայան, որը կարող է օգտագործվել այդ նպատակով։ Այն միջազգային համայնքի կողմից լրացուցիչ ջանք չի պահանջի, բացառությամբ՝ օդային փոխադրումների պահպանումն ու անվտանգության ապահովումը:

Ներկայումս կոչ է արվել Պարենի համաշխարհային ծրագրին (WFP) և ԿԽՄԿ-ին՝ մոտ օրերս թռիչքը կազմակերպելու համար և Լիխտենշտեյնի արքայազնը պատրաստ է ղեկավարել առաջին մարդասիրական առաքելությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում