Օհանավանի ձորում արջն իր քոթոթներով հարձակվել է սիբեխ հավաքող տղամարդու վրա, վերջինս հոսպիտալացվել է
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 14:10-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին ստորին երրորդականի, աջից թևատակի շրջանների արջի կծած, պատռած և ջնջխված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը։
Հիվանդանոց ժամանած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Օհանավան գյուղի բնակիչ 68-ամյա Հայրապետ Հայրապետյանն է, որը ժամը 13:30-ի սահմաններում եղել է Օհանավան գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում, որտեղ սիբեխ հավաքելիս է եղել, երբ արջը իր 2 քոթոթների հետ հարձակվել է նրա վրա՝ պատճառելով նշված վնասվածքները:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարծիքներ