Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության 10 սանի և 5 աշխատակցի մոտ Կորոնավիրուս է հայտնաբերվել
Կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում։ Թեստերի պատասխաններն արդեն ստացել են: Վարակը հաստատված է 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ:
Այս մասին freenews-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
«Աշխատակիցներից մեկի մոտ եղել է թեթև ջերմություն, սրանով պայմանավորված էլ՝ երեկ թեստավորվել էին բոլորը: Թեստավորվել է 21 երեխա և աշխատակիցները: 21 երեխայից 10-ի մոտ է հաստատվել վարակը, ինչպես նաև՝ 5 աշխատակցի։ Հիմա բոլորն իրենց, լավ են զգում: Որևէ մեկը հոսպտալացված չէ: Բոլորը մեկուսացված են հաստատության ներսում: Մտավախություն կա միայն մեկ աշխատակցի համար: Վերջինս ունի շաքարային դիաբետ, սակայն նա ևս վատ ինքնազգացողություն չունի»,- նշեց Ս․Մարտիրոսյանը ։
Ի դեպ, նշենք, որ կառույցում խիստ կարանտին էր սահմանված, սակայն, ըստ մամուլի քարտուղարի, չենք կարող ասել, թե վարակը որտեղից է թափանցել: Հաստատությունում գրանցված 80 երեխայից 21-ն էր այնտեղ գիշերում, մյուսները արտակարգ դրության հաստատումից հետո վերադարձել էին ընտանիք:
Կարծիքներ